Thursday, July 28, 2011

Իրանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ղեկավարները ողջունել են հոգևոր առաջնորդ Ա. Խամենեիի նախաձեռնությունը

Panorama.am. 28-7-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին և դատական իշխանության ղեկավար, այաթոլլա Ամելի Լարիջանին ողջունել են երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի` իշխանության երեք թևերի հարաբերությունները կարգավորող և տարաձայնությունները հարթող գերագույն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքն էլ հաղորդում է, որ վերջին 33 տարում, այսինքն Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր, սա առաջին դեպքն է, որ երկրի հոգևոր առաջնորդը իշխանության 3 թեևերի հարաբերությունները կարգավորելու նպատակով գերագույն հանձնաժողով է ստեղծում:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանագրով իշխանության երեք թևերի`գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների, հարաբերությունները կարգավորող և տարաձայնությունները հարթող գերագույն հանձնաժողով, որի նախագահ է նշանակվում ազդեցիկ հոգևորական, նախկին գլխավոր դատախազ Մահմուդ Հաշեմի Շահռուդին:
Նշենք, որ վերջին շրջանում մի քանի նախարարների նշանակման հարցում, ինչպես նաև ներքաղաքական որոշակի հարցերի առնչությամբ տարաձայնություններ էին առաջացել ԻԻՀ նախագահի և Մեջլիսի միջև, որին բազմիցս արձագանքել է նաև հոգևոր առաջնորդը և կոչ արել վերջ դնել առկա տարաձայնություններին:
Ինչ վերաբերվում է դատական իշխանությունների հետ ունեցած նախագահի տարաձայնություններին, ապա Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադը, վերջերս, անդրադառնալով վերջին շրջանում կառավարության որոշ անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության հարցին` նշել էր. «Այդ ձերբակալությունների հետ կապված որոշ խնդիրներ և սխալներ կան, և ես այդ մասին տեղեկացրել եմ դատական իշխանություններին: Մինչ այդ եղած գործընթացների վերաբերյալ ես լռություն եմ պահպանել, սակայն, եթե ցանկանան իմ գործընկերներին մեղադրել, ապա ես օրինական, ազգային և բարոյական պարտականություններ ունեմ, որպեսզի նրանց պաշտպանեմ»:

No comments: