Thursday, July 28, 2011

Սերժ Սարգսյանի նախընտրական թեզը

«Լրագիր» 28-7-2011- Վերջին մի քանի ամիսների ընթացքում փոփոխությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում ակնհայտ են դարձել: Հայկական մամուլն ընթերցող, ընդդիմության հանրահավաքներին մասնակցող, ընդդիմության եւ իշխանության քայլերին հետեւող մարդը կարող է արձանագրել, որ Հայաստանը ազատ եւ խողովրդավար երկիր է: Դեռեւս ազատ չէ հեռուստատեսությունը, սակայն եւ այստեղ նկատելի են փոփոխություններ: Նախկինի պես աղմկոտ չեն օլիգարխները եւ «հեղինականությունները», ու թեեւ տնտեսությունը դեռ նրանց ձեռքին է, ակնհայտ է, որ իրենք էլ են գիտակցում` «կայֆոտ կյանքը» ավարտվել է:

Չնկատել այս ամենը կարող է միայն կույրը կամ հոռետեսը: Իսկ օբյեկտիվ մարդու համար ավելի լավ է արձանագրել, բայց եւ պարզել, թե ինչն է դարձել այս ամենի պատճառ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համարում է դա իր ձեռքբերումը: Կոնգրեսի ճնշման տակ իրոք մեծացել է հավաքների ազատությունը, քաղբանտարկյալները ազատ են արձակվել, իշխանությունը ստիպված է երկխոսություն ծավալել ընդդիմության հետ եւ նույնիսկ քննարկել սեփական պաշտոնանկության մասին հարցը:

Քաղաքացիական հասարակությունը եւ մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնությունների ակտիվիստները կարծում են, որ դա իրենց ձեռքբերումն է: Քաղաքացիական հասարակության ճնշման տակ իսկապես բեկանվել են մի շարք որոշումներ` Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդումը, բարձրացվել են լուրջ էկոլոգիական եւ ժողովրդագրական խնդիրներ: Քաղաքացիական ակտիվությունը, որը զարգացում է ապրել նոր տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ, դարձել է ազատության եւ իրավահավասարության տարածման լուրջ գործոն:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հասարակությունը «վերեւից» հեղափոխելու վաստակն իրեն է վերագրում իշխանությունը: Սերժ Սարգսյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ հենց իր նախագահության օրոք է, որ ընդդիմությունը ազատություն է ստացել, եւ դրա շնորհիվ է, որ Զարուհի Փոստանջյանը կարող է ԵԽԽՎ դահլիճից պահանջել նախագահի հրաժարականը: Սերժ Սարգսյանն իրեն է վերագրում եւ ակտիվ քաղաքացիական մթնոլորտի ձեւավորումը, եւ ԶԼՄ-ների ազատականացումը: Ընդդիմության հետ երկխոսությունն ու նույնիսկ արտահերթ ընտրությունները նույնպես կմտնեն Սերժ Սարգսյանի «ռեֆորմատորական» ակտիվը: Եւ այն, ինչ շատերը դիտարկում են որպես Սարգսյանի թուլության նշան, կօգտագործվի որպես քարոզչական թեզ:

Ըստ երեւույթին, հենց այդ թեզի վրա է Սերժ Սարգսյանը կառուցելու իր նախընտրական քարոզչությունը: Այլ ձեռքբերումներ նա չունի` տնտեսությունը նոկաուտի մեջ է, արտաքին քաղաքականությունը ոչ «պակաս» վիճակում է, եւ Սերժ Սարգսյանի միակ հաղթաթուղթը դառնում է ժողովրդավարական ռեֆորմացիան: Ու դա այն դեպքն է, երբ թուլությունը կարող է վերածվել ուժի:

Բայց միայն այն դեպքում, եթե հասարակությունն իրոք հավատա, որ ներկայիս փոփոխությունները «վերեւից հեղափոխության» արդյունք են: Կարող է եւ չհավատալ, որովհետեւ հասարակությունը կավ գիտի` հեղափոխություն ժամանակն է անում: Եւ հիմա Հայաստանը հայտնվել է մի այնպիսի անդունդի եզրին, որը կարելի է անցնել միայն ազատության եւ ժողովրդավարության թեւերի վրա:

Ու հիմա բոլորը շտապ թեւեր են աճեցնում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: