Monday, July 18, 2011

Մեր Պետրոսին ու՞րտից մեդալ հասնի

«Լրագիր» 18-7-2011- Խորհրդային տարիներին եկեղեցին մեզանում համարվում ու ընկալվում էր, թերևս, ավելի շատ որպես ազգային մի ինստիտուտ, քան զուտ կրոնական: Եվ դա միանգամայն բնական էր: Խորհրդահայության համար, որը ԽՍՀՄ մյուս բոլոր ազգերի նմաn խցկված էր ինտերնացիոնալ-աթեիստական կոշտ շրջանակի մեջ, եկեղեցին մնացել էր միակ միջոցն ու հնարավորությունը ինչ-որ ձևով առնչվելու սեփական ազգայինի հետ, թեկուզ գրաբարի, կամ առնվազն, գոնե առանց ռուսերենի խառնուրդի մաքուր հայերենին ունկնդրելու հնարավորության առումով:

Խոսքը, բնականաբար, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) մասին է: Ասում ենք «բնականաբար», քանզի խորհրդային տարիներին հայ կրոնական - եկեղեցական դաշտում իր հետևորդների թվով նույնիսկ երկրորդը (նշենք, որ ճիշտ է, երկրորդը, բայց չափազանց մեծ խզումով) հանդիսացող կաթոլիկ եկեղեցին մեզանում, ըստ էության, ուներ զրոյական ակտիվություն: Էլ չենք խոսում հայ բողոքականների մասին, որոնց վերաբերյալ այդ ժամանակներում բոլորս էլ ունեինք խիստ կցկտուր ու շատ անորոշ տեղեկություններ:

Եվ չնայած նրան, որ այն թվերին այս կամ այն հավատքի հետևորդ հասկացությունը բավական պայմանական էր ու հարաբերական, այդուհանդերձ, խորհրդահայության մասով, ՀԱԵ, ինչպես կասեն, մրցակցությունից դուրս էր, և առանց չափազանցության կարելի է ասել, որ ընկալվում էր որպես միակը հայի համար: Ինչը, ելնելով քաղաքական համակարգի յուրահատկությունից, ենթադրում էր, բնականաբար, նաև որպես ազգայինը: Եվ հայ-քրիստոնյա ասելով ենթադրվում էր հենց ՀԱԵ հետևորդ:

Սակայն, նման բացահայտ առավելության ու մենաշնորհի առկայության պարագայում անգամ, խորհրդայության շրջանում չէին անհետացել հակասություններն ու հակադրումները հայ առաքելականների և հայ կաթոլիկների միջև: Շեշտենք կրկին, որ համակարգն այնպիսին էր, որ վիճաբանող թե առաքելականի և թե կաթոլիկի գրպանում սովորաբար առկա էր լինում նաև գլխավոր աթեիստի պատկերով կուսակցական տոմսը: Իրենց արմատներով դեռևս առաջին Տիեզերական Ժողովներից սկիզբ առնող, արտաքուստ զուտ աստվածաբանական բնույթի այդ հակասությունները տեղափոխվել էին ժողովրդի մեջ և իրենց դրսևորում էին արդեն ազգային ինքնության և անգամ պատկանելության հարթության մեջ:

Հասկացվում էր, որ երկու եկեղեցիներն էլ, դարերի ընթացքում իրենց հետևորդներին մեթոդաբար, համառորեն քարոզել ու համոզել են, թե հենց ինքն է, որ իրավունք ունի ներկայանալ որպես միակ հայկական, հետևաբար՝ որպես ազգային եկեղեցի: Պատահաբար չէ, որ ժողովրդի մեջ չի խոսվում հայ առաքելական և հայ կաթոլիկ տարբաժանման մասին, այլ ընդունված տերմին է, հետևաբար նաև ձևավորված ու ընդունված գաղափար՝ հայ և «ֆռանկ» (իմա՝ կաթոլիկ) տարբաժանումը: Բավական էր (այսօր նույնպես) լսել հայի ու «ֆրանկի» երկխոսության ժամանակ քննարկվող միակ ու հավերժ թեման, որպեսզի պարզորոշ հասկանաս, որ իրոք, երկու եկեղեցին էլ մշտապես ձգտել են և ձգտում են նույնացնել դավանապատկանությունն ազգային ինքնության հետ:

ՀԱՅԸ (իմա՝ առաքելականը). «Տո դուք ինչ հայ, դուք ուրացող, դավաճանի մեկն եք»:

«ՖՌԱՆԿԸ» (իմա՝ հայ կաթոլիկը). «Պատմությունը չգիտես ու խոսում ես: Գնա կարդա և կհասկանաս, որ իսկական հայը դա հենց ֆռանկն է»:

Մի անգամ ականատես եմ եղել (չթաքցնեմ՝ նաև ակամա մասնակից) նույնիսկ մի ծեծկռտուքի, որը սկիզբ առավ ու ընթացավ հենց այդ՝ հայ-«ֆռանկ» ձևաչափով: Խնջույքի ժամանակ մեկը առաջարկեց խմել մեր ավանդական հոգեցունց կենացներից մեկը՝ «հայ ժողովրդի կենացը»: Խնջույքին ներկա էին նաև մի քանի «ֆռանկներ»: Նրանցից մեկը, քառասունին մոտ գեր մի տիկին, վեր կացավ և հակադարձեց, թե՝ «ձեր առաջարկած կենացը մենք նույնպես խմում ենք, բայց ես պետք է առաջարկեմ մի կենաց, որ առաջարկում եմ ամեն սեղանին: Ես առաջարկում եմ խմել «Ֆռանկ ազգի» կենացը»:

Բոլոր տեսակի բացատրություններն ու պարզաբանումները առ այն, որ «ֆռանկ ազգը» ոչ այլ ինչ է, քան նույնպես և ընդամենը հայ ժողովրդի բաղկացուցիչ մի մաս» որևիցե արդյունք չտվեցին: Ի վերջո, «այս» կողմից մեկը չդիմացավ ու էս «ֆռանկ» կնոջը թե՝ «կարող է մտածում ես, թե դու՝ քո այդ երկու ցենտներ քաշով իրականում ոչ թե հայ ես, այլ ֆրանսուհի»: Ինչից հետո դեպքերը զարգացան արդեն զուտ հայ ժողովրդական ավանդական (միացյալ) սցենարով: Ինչ խոսք, հայտնի են ավելի մտահոգիչ և ավելի տհաճ դեպքեր, որոնք անխուսափելի են, երբ փորձ է արվում հանկարծ ուղղակի կապ հաստատել անձի դավանանքի և նրա ազգային ինքնության միջև: Բայց այդ ամենի հետ մեկտեղ կա նաև այլ իրականություն, որը նույնպես պետք է և անհրաժեշտ է բարձրաձայնել:

1992 թվականի հուլիսի 5-ն է: Իրավիճակը ռազմաճակատում մեզ համար չափազանց անբարենպաստ է: Ռուսական բանակի անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ ազերիները վերցրել են Շահումյանը, գրավել են Մարտակերտը, Թարթառի ձորակը, անցել են նրա աջ կողմը և շարժվում են առաջ-հարավ, դեպի Ստեփանակերտ: Կուսապատ գյուղի մոտ մարտ է սկսվում: Մեր կողմից Т-72 մի տանկ, վրան կիսալուսին նկարած, կարողանում է, օգտագործելով պարզագույն այդ խաբկանքը, թաքստոցից աննկատ դուրս գալ և առանց դժվարության բավական մոտ գալ հակառակորդին: Հասցնում է ուղղակի դիմահար կրակոցներով իրար հետևից ոչնչացնել թշնամու մի БМП-2 մեքենա և մի հատ էլ Т-72 տանկ: «Բացահայտվելուց» հետո մեր տանկը, առանց վնասվելու, ապահով գալիս հասնում է մեր դիրքերը:

Մարտն ավարտվում է: Մերոնք, ի դեպ, այդ օրը չեն նահանջում: Ճանապարհի մի հատվածում, որը, ինչպես պարզվեց, բավական լավ տեսանելի է եղել հակառակորդի կողմից, մեր կիսալուսնով տանկը մի պահ կանգ է առնում և տանկիստը զրահամեքենայից իջնում է: Վայրկյաններ անց հետևում է թշնամու արկի պայթյունը... Թշնամուն հաջողվեց իր վրեժը լուծել կիսալուսինով իրեն թյուրիմացության մեջ գցած հայ տանկիստից:

Այդ հայ տանկիստի անունն էր Պետրոս Աբաջյան, 1964 թվի ծնված: Ընդունվել էր Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, երկրորդ կուրսից զորակոչվել էր Խորհրդային Բանակ, ծառայել Օդեսայում որպես տանկիստ, զորացրվելուց հետո կրկին վերադարձել ուսանողական լսարան: 1992-ի ամռան սկզբին, պատերազմի ամենածանր պահին, քննաշրջանը կիսատ թողած մեկնում է ռազմաճակատ և «հեծնում» իր համար դեռևս բանակից քաջածանոթ Т-72-ը: Մի քանի օր անց վիրավորվում է, սակայն հրաժարվում է Հայաստան տեղափոխվելուց: Դեռ լիովին չապաքինված, Պետրոսը, հենց որ կանգնում է ոտքի, իսկույն մեկնում է առաջին գիծ, և 1992 ի հուլիսի 5-ին տալիս է իր վերջին մարտը:

Պետրոսը Ջավախքից էր, Ախալքալակից մոտ քսան կիլոմետր դեպի հյուսիս արևմուտք գտնվող Վարևան գյուղից: Բոլոր վարևանցիները, բացառությամբ գյուղի չորս վրացի ընտանիքների, «զտարյուն» կաթոլիկ են: Այստեղ են եկել 1820-կանների վերջերին, ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո: Եկել են Կարին-Էրզրումի Թվանչ գյուղից: Բնականաբար, եկել են ստիպված, այն բանից հետո, երբ ռուսները, իրենց հերթական նվաճումներից հետո, հերթական անգամ հետ զիջեցին Թուրքիային արևմտահայերով բնակեցված տարածքները: Ով գիտի, գուցեև բարին հենց դա էր: Իսկ եթե մնայի՞ն: Արդյոք 1915-ին չէին կիսելու մյուս կարինցիների ողբերգական ճակատագիրը: Վարևանցիների հավաստմամբ, իրենք հենց «էն գլխից», դեռ Էրզրումում, արդեն «ֆռանկ» են եղել: Եվ շարունակում են, որ այսինքն՝ «միշտ էլ իսկական հայ են եղել»:

Պետրոսի շիրիմը գյուղի մուտքի մոտ է, ճանապարհից աջ գտնվող բարձունքում: Հայաստանյաց որևիցե պաշտոնատար անձ՝ բարձր թե ցածր, հուղարկավորությանը ներկա չգտնվեց: Միայն Արկադի Տեր-Թադեւոսյանն էր ցավակցական ուղերձ հղել և նրան կցել զինվոր Պետրոս Միքայելի Աբաջյանի ծառայողական բնութագիրը: Որտեղից, առանց չափազանցության, պարզ երևում էր, թե որքան բարձր է գնահատել Կոմանդոսը տանկիստ Պետրոս Աբաջյանին: Բայց, բարեկամների ու հարազատների կողքին ներկա էին ազատամարտիկներ: Եկել էին նույնիսկ նրանք, ովքեր Պետրոսին թեև չէին ճանաչում, սակայն դեպքերի բերումով՝ տեղի դիվիզիայից զինամթերք դուրս բերելու նպատակով, այդ օրերին Ախալքալակում էին հայտնվել:

Հետո տեղյակ մարդկանցից իմացանք, որ համագյուղացիները նախ իրենց գյուղի դպրոցին, որտեղ սովորել է Պետրոսը, որոշել են տալ նրա անունը: Իսկ այն բլուրը, ուր ամփոփված է Պետրոսը, վեր է ածվել հուշաբարձունքի: Փաստորեն, իսկական Հայ Զինվորական Փառքի Բլուրի (չշփոթել հանկարծ վերջերս թունդ առաքելադավան Գյումրիում «վերակենդանացրած» ռուսական զինվորական Պատվո Բլուրի՝ Холм Чести հետ): Բարձունքի հենց գագաթին միջնաբերդի տեսքով հուշահամալիրի կենտրոնական կոթողն է՝ կամարի տակ Պետրոսի արձանով՝ ավտոմատը ձեռքին, կամարի վրա փորագրված է՝ «Փառք Հայ Հերոսին»: Դեպի աջ կիսաշրջան են կազմել Պետրոսի և նրա մարտական ընկերների համար իրոք զինվորական օրինակ և մարդկային վեհություն հանդիսացող մի քառյակ. Գարեգին Նժդեհ, Գեւորգ Չավուշ, Սերոբ Աղբյուր, Անդրանիկ: Պետրոսից ձախ երևում է հողի մեջ թաղված տանկի գմբեթը, իսկ նրանից մի քիչ էլ ձախ վարևանցիք հայաստանյան կարմիր տուֆից կառուցել են մի մատուռ, որի վրա կարդում ենք «ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»: Եվ, սկսած 1992-ից, ամեն տարի, հուլիս ամսի առաջին կիրակի օրը,կաթոլիկադավան վարևանցիները այդ հուշաբարձունքում մեծ հանդիսությամբ նշում են «ՀԱՅ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՕՐԸ»: Որպեսզի ճիշտ պատկերացում կազմվի, թե ինչ նշանակություն ունի վարևանցիների համար այդ օրը, փաստենք միայն. մասնակցելու համար ամեն բան թողնում և այդ օրը գյուղ են գալիս ոչ միայն հայաստանաբնակները, այլ նաև ռուսաստանաբնակները: Նույնիսկ՝ արտագնա աշխատանքի մեկնածները:

Իսկ ինչ վերաբերում է Պետրոս Աբաջյանի մարտական սխրանքը գնահատելու պաշտոնական մասին, ապա, թե՛ համագյուղացիները, թե՛ Պետրոսի հարազատները այդ հարցին մոտենում են խիստ ըմբռնումով.

- Էհ, Հայաստանում մեդալները փողով կծախեն, էլ մեր Պետրոսին ու՞րտից մեդալ հասնի:

Խիստ որոշակի է նաև վարևանցիների տեսակետը Արցախի հարցի վերջնական լուծման վերաբերյալ: Մեր այն հարցին, թե ինչպիսին են իրենք տեսնում այդ հարցի լուծումը, նրանք առանց շինծու զարմանքի հարցրեցին.

- Իսկ ինչ է, այդ հարցը, ըստ էության լուծված չէ՞: Բա ինչի համար զոհվեցին մեր Պետրոսն ու իր բոլոր մարտական ընկերները: Բա էս քսան տարի էլ ի՞նչ օր ենք մենք նշում այստեղ:

Մենք ասեցինք, դե պատերազմ է, քաղաքականություն է: Տեսեք, հենց ձեր դեպքում. ռուսը հողը գրավել էր, իսկ հետո հետ տվեց:

- Ախպա՜ր, դուն իստեղ հեքիաթներ մի կարդա: Ռուսը ուրիշին հողն էր գրավել, ափսոս մե չունիր, ետ տվավ: Մենք մեր հողն ենք ետ առել, հիմի ինչի պտի ետ տանք:

Դե ինչ: Հավերժ փառք Պետրոս Աբաջյանին և մեր Հայրենիքի ազատության ու անկախության համար ընկած բոլոր հայ զինվորներին: Հազար փառք ու պատիվ Պետրոսի համագյուղացիներին, որոնք օտար պետության մեջ իրոք վառ ու արժանավայել են պահում ոչ միայն իրենց խիզախ համագյուղացու, այլ նաև բոլոր զոհված հայ մարտիկների հիշատակը:

Մեր իրականության մեջ առկա հոգևոր-կրոնական ոլորտի, մեղմ ասած, անհարթությունները սկիզբ են առել ոչ այսօր, ոչ էլ երեկ: Եվ գոյացել ու ի հայտ են եկել, ինչպես ասում են, «ոչ լավ կյանքից»: Եվ մեր պատմության անհարթությունների պատճառով է, որ թե նախկինում, թե այսօր հաճախակի ասպարեզ է նետվում անհարգի մի հարց. «ա՞զգ, թե հավատամք, կրո՞նք, թե հայրենիք»: Պետրոսը և իր համագյուղացիները ավելի քան բովանդակալից ու առարկայական ձևով հնչեցրել են այդ հարցի պատասխանը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: