Wednesday, July 6, 2011

Սերժ Սարգսյանը նորից կխոսի

«Լրագիր» 6-7-2011-Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը սեպտեմբերին պատրաստվում է էլի ինչ որ բան ասել ընդդիմությանն ու էլի առիթ տալ հետաձգել “ջրբաժանն” ինչ որ ժամանակով, այսինքն մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություն:
Դրա մասին են վկայում Կոնգրեսի կազմաքանդման, կամ Օջախ ռեստորանից մինչեւ Հանրային լողափում երկխոսելու պատրաստակամության մասին Գալուստ Սահակյանի խոսքերը: Եթե ՀՀԿ-ական ակտիվը աշխուժորեն սկսում է հեգնել, մերժել Կոնգրեսին, ուրեմն Սերժ Սարգսյանը նախապատրաստում է իր “հանդուրժողության” ֆոնը:
Հետեւաբար, Կոնգրեսն էլ թերեւս իր կառույցներին պետք է պատրաստի, որպեսզի քննարկեն Սերժ Սարգսյանի հերթական հայտարարությունը: Գրեթե կասկած չկա, որ այն կլինի, եւ նաեւ գրեթե կասկած չկա, որ այն չի լինի այնքան հստակ, որ չառաջացնի Կոնգրեսի կառույցներում մի քանի օր քննարկելու եւ հասկանալու անհրաժեշտություն:

Թվում է, որ Կոնգրեսն այս անգամ հարցը շատ հստակ է դրել` կամ Սերժ Սարգսյանը հստակ ասում է այո կամ ոչ, կամ էլ Կոնգրեսը անցնում է նրա հրաժարականը պահանջելուն: Բայց Կոնգրեսը չի ասել, թե ինչ գործողություններ է ենթադրում հրաժարականի պահանջը: Օրինակ, “ջրբաժան” բառը Լեւոն Տեր-Պետրսյանն այս անգամ կարծես թե չօգտագործեց, ինչն օրինակ արել էր ապրիլի 8-ին, երբ կրկին ժամկետ էր տվել իշխանությանը: Մինչդեռ հրաժարական պահանջելը շատ լայն հասկացություն է, առավել եւս, որ Կոնգրեսը կարծես թե անցած եռամյա պայքարի ընթացքում այդպիսի պահանջով էլի է հանդես եկել:

Բայց, Սերժ Սարգսյանը հավանաբար կանի այնպիսի հայտարարություն, որը մի կողմից քննարկման ժամանակ պահանջի Կոնգրեսից, մյուս կողմից պարունակի նոր ժամանակ տալու հիմնավորումներ: Օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ ինքը համաձայն է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը Կոնգրեսի հետ, ու դրա համար կոալիցիոն պատվիրակություն է, առավել եւս, որ իր նախորդ խոսքում նա կարծես թե խոսել էր այդպիսի պատվիրակության հավանականության մասին. Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարում էր. Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը։ Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաեւ ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, եւ որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում։

Իշխանական օրակարգը հաշվի առնելու պատրաստակամության մասին Տեր-Պետրոսյանի խոսքը կարծես թե վերաբերում է երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակին առնչվող հարցերին, որի մասին կոնկրետ նշանակված անձերի միջոցով երկխոսելու պատրաստակամություն է հայտնում Սերժ Սարգսյանը պատասխան խոսքում:

Կարծես ակնհայտ է, որ երկու կողմն էլ իրենց համար թողել են “իջնելու տեղ”, ինչն էլ հավանաբար տեղի կունենա սեպտեմբերին, երբ օդի ջերմաստիճանն էլ մի փոքր կիջնի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: