Thursday, July 28, 2011

Իրանի ԱԳ նախարար. «Իրանն ու Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն»

Panorama.am. 28-7-2011- Իրանը Ռուսաստանի համար կենսական կարևորություն ունի, քանի որ Իրանը, ՌԴ սահմանակից միակ երկիրն է, որ ենթարկված չէ ՆԱՏՕ-ի ազդեցությանը: Իրանն ու Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն»:
Այդ մասին «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ` Իրան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Այն հարցին թե Իրանը ի՞ նչ է կանխատեսում, արդյո՞ ք Ռուսաստանը կշարունակի Իրանին աջակցել միջուկային հարցում, Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Իրանին, միևնույն ժամանակ Իրանը հասկանում է, որ ՌԴ-ն էլ ունի իր ուրույն քաղաքական դիրքորոշումները, բայց ընդհանուր առմամբ, համոզված ենք, որ Ռուսաստանի, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային շահերից է բխում, որ տարածաշրջանային և միջազգային հարցերում ՌԴ-ն Իրանի կողքին լինի»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի միջուկային հարցի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկած «Քայլ առ քայլ» ծրագրային փաթեթի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով առաջիկա օրերին Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադը, օրերս անդրադառնալով Իրան-Ռուսաստան հարաբերություններին, նշել էր. «Արևմտյան երկրների այն պնդումները, թե Իրանը մտադիր է իր հրթիռներով հարվածել Ռուսաստանին և արաբական մի շարք երկրներին, սուտ է: Մենք Ռուսաստանի հետ բարեկամ ենք, պատմության մեջ, որտե՞ղ է վկայված, որ մեր ազգը ագրեսոր է եղել»:

No comments: