Thursday, July 28, 2011

Գյումրեցիները հեռանում են Ռուսաստան

Գյումրիում այսօր մոտ 500 ռուսներ են ապրում:
«Լրագիր» 27-7-2011- Համերկրացիներ կոչվող ծրագրի շրջանակներում 600 ընտանիք Շիրակի մարզից տեղափոխվել է Ռուսաստան:
Ռուսաստան մեկնող հայերի համար կա աշխատանքային փաթեթ, որը ներառում է ոչ միայն տրվող աշխատանքը, այլ նաեւ 90 օրվա ժամանակավոր գրանցում, վճարված տոմսի ու բեռնափոխադրումների համար դրամական փոխհատուցում, 2 տարվա անվճար բուժսպասարկում, երեխաների համար նախակրթարանների ու դպրոցների կրթության տրամադրում:
Նախքան մեկնումը, մեկ ընտանիքի համար տրամադրվում է 5-10 տոննա տարողությամբ կոնտեյներ, իրերի տեղափոխման համար: Նշենք, որ այս ծրագիրը նախագծվել է դեռ 2006 թվականին, հաստատվել 2010-ին, ավարտին հասցվել մինչև 2011-ը:

Նախագծի ենթաանվանումն է` Միջպետական ծրագիր` համերկրացիների ինքնակամ տեղափոխման համար Ռուսաստանի Դաշնություն: Իսկ վերջին օրերին արտագաղթի թեման դարձել է ամենաքննարկվողներից մեկը: Անգամ երկրի նախագահը խոսեց դրանից, նշելով, որ ներկայացված տվյալները ուռճացված են: Սակայն հարկ է նշել, որ գյումրեցիների շրջանում անցկացված մեր հարցախույզից պարզ դարձավ, որ նրանցից շատերը ցանկանում են լքել հայրենիքը:

Այսպես հարցված 20-ից 17-ը առաջին իսկ հնարավորության դեպքում կլքեն հանրապետությունը: Պատճառներն ավելի քան ակնհայտ են` մեր երկրում մեղմ ասած բարեկեցիկ ապրելու համար պայմաններ, անգամ հեռանկարներ չկան:

Փայլակ Ֆահրադյան, Գյումրի

No comments: