Thursday, July 28, 2011

«Չորրորդ ինքնիշխանություն». Որքա՞ն են ծախսում նախարարները Եվրոպայում մեկ գիշերում

Թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերին՝ 2012 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ մի խումբ պատգամավորներ պատրաստվում են բարձրացնել գործուղումների ժամանակ հաստատված նորմատիվների հարցը։ Բանն այն է, որ Վերահսկիչ պալատը ԱԺ–ում վերջին ստուգումների ժամանակ արձանագրել է, որ գործուղումների մեկնող պատգամավորները հյուրանոցներում որպես գիշերավարձ շատ ավելի մեծ գումար են վճարում ԱԺ–ի բյուջեից, քան նախատեսված է կառավարության հաստատած նորմատիվներով։ Պատգամավորների փաստարկն էլ հետևյալն է, որ կառավարության հաստատած նորմատիվներով՝ օրինակ, Փարիզում մեկ օրվա գիշերավարձը 135 եվրո է, իսկ այդ գումարով, ըստ պատգամավորների, Փարիզում կամ եվրոպական որևէ այլ մայրաքաղաքում, որտեղ հիմնականում տեղի են ունենում միջազգային տարբեր միջոցառումներ և վեհաժողովներ, քիչ թե շատ տանելի պայմաններով հյուրանոց գտնել հնարավոր չէ։ Եվ չնայած կառավարության հաստատած նորմատիվները բոլորի համար են, այդ թվում նաև նախարարների, կառավարության տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ պատրաստվում են բյուջեի քննարկումների ժամանակ փաստերով ապացուցել, որ բոլոր նախարարները, կառավարության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես խախտում են հաստատված նորմատիվները և, օրինակ, նախարարները և այլ պաշտոնյաներ սեփական գերատեսչությունների բյուջեի հաշվին եվրոպաներում գիշերում են առնվազն 400–600 եվրոյանոց հոթելներում։ Բնականաբար, այդ գումարը դուրս է գրվում տվյալ գերատեսչությունների «այլ ծախսեր» տողից։

No comments: