Thursday, July 28, 2011

Լեւոնն անում է անհնարինը

Մեր զրուցակիցն է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը

-Արա, մեր շատ զրուցակիցներ վերջին շրջանում հաճախ փաստում են, որ քաղաքացիական հասարակության ձեռքբերման առումով այն, ինչ ունեինք 2008-ին և դրանից հետո, հիմա ոչ թե ընդլայնվեց, այլ ռեգրես ապրեց: Ինչո՞ւ այդպես եղավ:
-Հասարակական նախաձեռնությունները թեև թվում էր` փոքրիկ հաղթանակներ ունենում են, մեկ տարվա կտրվածքով երևում է, որ այդ հաղթանակները իրավիճակի էական փոփոխության չեն բերում: Այսինքն` եթե հաջողվում է ինչ-որ ձևով շտկել իշխանության սխալ արած այս կամ այն քայլը, ապա երևում է, որ, այնուամենայնիվ, այդ սխալներ արտադրելու համակարգը դրանից չի փոխվում: Սխալները շարունակվում են արտադրվել նույն հաճախակությամբ և խորությամբ, ինչպես առաջ: Եվ հասկանում ես, որ եթե սխալ գործողություններից մեկի շուրջ կարողացար աղմուկ բարձրացնել և ինչ-որ ձևով կասեցնել, ապա մնացած 99-ի վրա նախ դա առանձնապես մեծ ազդեցություն չի թողնում, և հետո այդ մեկն էլ ընդամենը առկախ վիճակում է: Ստացվում է` ընդհանուր պրոցեսի վրա ազդել չհաջողվեց: Օրինակ` քաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապականման պրոցեսի վրա ազդել չհաջողվեց: Սա հնարավոր է իսկապես ավելի խոշոր քաղաքական փոփոխությունների հետևանքով, երբ սկսում է գործել սահմանադրական կարգը: Սակայն, մյուս կողմից, հասարակական «փոքր քայլերի» ընթացքում ստացված լոկալ փորձը թույլ է տալիս տեսնել հիմնախնդիրները, պատկերացնել դրանց լուծման, համակարգային փոփոխության հետագա ընթացքը:

-Սահմանադրական կարգը ե՞րբ կսկսի գործել: Արդյոք արտահերթ ընտրության արդյունքում կսկսի գործել այդ մեխանիզմը:
-Սահմանադրական կարգն ինչ է... սա կարգ է, որտեղ հարցերը լուծվում են բանական ձևով, և ի նպաստ հասարակության, ի նպաստ ամեն մեկին: Ոչ սահմանադրական կարգը մի հասարակարգ է, երբ հարցերը ռացիոնալ և ի նպաստ չեն կարող լուծվել, քանի որ առաջնային են դառնում ինչ-որ առանձին անձանց կամ խմբավորումների շահերը, որոնք գերադասվում են հասարակության շահին և բանական լուծումներին: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում որևէ հարց բանական լուծում չի ստանում, լինի դա կրթություն, բանակ, քաղաքաշինություն, լինի դա տնտեսական կամ արտաքին քաղաքականություն: Մեխանիզմ է հարկավոր, որը թույլ կտա բանական ձևով լուծել հարցերը: Բանականը նաև բարոյականն է: Այդ մեխանիզմը հենց սահմանադրական կարգն է: Այնպես որ, սահմանադրական կարգի հաստատումը ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի բարի ցանկություն է, կամքը, այլ երկրի գոյության ձևն է, բոլոր մարդկանց միջև, բոլոր սոցիալական կառույցներում գործող խաղի կանոններ: Այն, ինչ կատարվում է, ունի նշանային փոփոխության արժեք՝ կատարվում են բանակցություններ, սահմանադրական կարգի վերականգնման, արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով:

-Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ի՞նչ կփոխվի, ո՞ւր է ա այդ ամենը տանում, շատերը ասում են` չկա հենց այդ ծրագիրը:
-Լեգիտիմ իշխանությունը համաձայնվում է ընդունել սահմանադրությունը որպես գործելու հիմնական ու միակ միջոց: Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, և թե ինչ ծրագրեր կներկայացնի, հասարակությունում կշարունակվի քաղաքական պրոցես, այն արդեն անմար է լինելու, քանի որ հասարակությունը ստանալու է ինքնակազմակերպվելու և ինքնին գործելու սահմանադրական հնարավորություն: Իշխանությունը ձուլվելու է, ապակենտրոնանալու, անցնելու հասարակության ձեռքը, ինչով և իրականանալու է Սահմանադրության երկրորդ հոդվածը: Ծրագիրը այդ պայմաններում դառնում է ոչ թե հասարակության մի հատվածի սուբյեկտիվ ցանկություն, այլ հենց տարաբնույթ ցանկությունների ընդհանուր հայտարարը, օբյեկտիվ իրականություն:

-Ուժերը, որոնք այսօր փորձում են այս ճանապարհով գնալ, արդյո՞ք կարող են: Կարծիք է հնչում, որ նրանք Սովետական Միության պրոդուկտ են:
-Ուժեր ասելով նկատի ունեք Լևոնին… Լևոնն առանձնակի է մեր ամբողջ պատմության մեջ, նա միակն է, որ բոլորովին Սովետական Միության պրոդուկտ չէ, համենայն դեպս, այն վատ իմաստով, որ դրա մեջ ներդնում են, և իհարկե առաջադեմ հասարակության ճարտապետներից է: Իրականում 88-ը կարող էր զարգանալ իբրև սովորական ազգայնական, շահադիտական, բավական պրիմիտիվ մի ընթացք, որին սակայն Լևոնը կարողացավ դրան տալ այլ բնույթ, տալ իսկապես հանուն անկախության, հանուն սահմանադրության պայքարի տեսք: Լևոնը կարողացավ բնույթը փոխել, դարձնել ապագան ճանաչելու և բնակեցնելու ընթացք: Այժմ մենք երկրորդ անգամ տեսնում ենք այդ հրաշքը՝ ինչպես մանրացած, օտարացած, կյանքի նոր հայեցակարգ չառաջարկող տրիվիալ մի գործունեությունից Լևոնը հայաստանյան քաղաքականությունը նորից բերեց հասցրեց ճշամարտության ճանաչման, կյանքի խորքային փոփոխման հիմնական գործիք, բարբարոսությունից քաղաքակրթության անցնելու հայեցակարգ:

-Ո՞րն է Կոնգրեսի նոր հայեցակարգը:
-Սահմանադրական արժեքները, որոնք Կոնգրեսը ոչ միայն արտաբերում, այլ դրանցով ղեկավարվում է հեղափոխական ընթացքում, ընդդիմության դաշտում ձևավորվել ու գործում է քաղաքական կուլտուրա: Լևոնն անում է անհնարինը, ինչպես արեց 88-ին, երբ գործը բացարձակապես անհույս էր, և Ղարաբաղի, և իշխանափոխության առումով, բայց Կոմիտեն կարողանում էր գործել, գործել ու գործել անհույս վիճակում, երբ բոլոր «ողջամիտ» մարդիկ վաղուց տուն կգնային առաջվա կյանքը շարունակելու: Հիմա էլ նույնն է տեղի ունենում, միայն մտքի ուժով՝ նա բարձրացրեց Շարժումը, պահեց այն հուսահատության համատարած մթնոլորտում, և այժմ գալիս է հաղթանակի: Թվում է, թե վիթխարի գաղտնի մի իմացություն կա դրա տակ, բայց մենք բոլորս էլ դա գիտենք՝ հասարակական կյանքի բանական սկզբունքները, սահմանադրական կարգը: Իրականում ոչ թե Լևոնը, այլ մենք ունենք «գաղտնի գիտություն», ասիական խորամանկությամբ իրար աչքով անելու ավանդույթ, իբր մենք գիտենք, որ այս ամենը սուտ է, ձև է, խաղ է, իսկ մենք հո գիտենք, որ կյանքը դաժան բան է, որ կյանքը կյանք չի ու երկիրը երկիր չի, երբեք չի եղել ու չի էլ լինելու: Իսկ Լևոնը վանեց այդ կեղծ գաղտնագիտությունը, և առաջացրեց մի սերունդ /ոչ թե տարիքային, այլ պատմական իմաստով՝ սերունդ/, որը վստահեց մտքին ու ընդունակ եղավ բաց աչքերով նայել իրականությանը: Սա է հիմնական հաղթանակը:

-Երկխոսությունը հաղթանա՞կ է:
-Այո, հաղթանակ է: Հեղափոխական գաղափարները, տիրանալով զանգվածներին, դառնում են գործնական ուժ:

-Ինչո՞ւ հասարակությունը չի ընդունում դրա կարևորությունը, ինչո՞ւ այդքան անվստահություն կա:
-Հենց որովհետև սա իրական փոփոխություն է: Ամենքիս ուսերին այսօրվանից, վաղվանից ընկնելու է ազատության ահռելի բեռը: Ամեն ինչն փոխվելու է անդառնալիորեն: Մենք վերադառնում ենք մարդկության պատմության, մարդկության Մեծ Նախագծի իրականացմանը: Դուրս ենք գալիս մի բանտից, մենանոցից, որտեղ հստակ ժամին մակարոն են տալիս, և ապրում ենք այն զգացումը՝ Мне вчера дали свободу, что я с ней делать буду?
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 28-7-2011

No comments: