Sunday, July 31, 2011

Վրացի քաղաքագետ. Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ

News.am. 30-7-2011- Ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե այս կամ այն հանգամանքների պարագայում այդ երկիրը ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի դեմ, նորություն չեն եւ հնչում են որոշակի պարբերականությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահի Ադրբեջանը գա այնպիսի եզրահանգման, որ հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհն արդյունավետ չէ, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Ռամազ Սակվարելիձեն:
Նրա խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացի շարունակական ստատիկ վիճակը վաղ թե ուշ հանգեցնում է նրան, որ իրեն իրավացի համարող կողմն սկսում է հակվել ռազմական գործողությունների սկսման: Այն դիտարկմանը, թե կողմերից եւ ոչ մեկն իրեն ոչ իրավացի չի համարում, վրացի փորձագետն ասաց. «Այո, բայց տվյալ դեպքում, եթե համեմատենք Հայաստանն ու Ադրբեջանը, ապա Ադրբեջանը համարում է, որ տարածք է կորցրել եւ իրեն վիրավորված է զգում»,-նկատեց քաղաքագետը:
Պատասխանելով հարցին, թե Վրաստանն ինչ դիրք կզբաղեցնի իրավիճակի նման զարգացման դեպքում, Սակվարելիձեն ասաց. «Երբ երկու հարեւաններ հակամարտում են, երրորդը գործադրում է բոլոր ջանքերը` հակամարտությունը կարգավորելու կամ այն դիվանագիտական հուն տեղափոխելու ուղղությամբ: Այս կամ այն կողմին աջակցելու մասին այստեղ խոսք լինել չի կարող: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հակամարտել են, եւ Վրաստանն իրեն կպահի այնպես, ինչպես 20 տարի առաջ»:
Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը շարունակվի նույն ընթացքով, Ադրբեջանը պատերազմ կհայտարարի:

No comments: