Monday, July 18, 2011

Ցանկացած հայ քաղաքացու մեկնումը Հայաստանից մտահոգում է կառավարությանը. վարչապետ

News.am. 19-7-2011- Հայաստանի կառավարությունը համալիր ծրագիր է մշակել, որտեղ մատնանշվում են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն արտագաղթը Հայաստանում իսպառ վերացնելու նպատակով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների տվյալներին, ըստ որոնց` 2011 թվականի առաջին կիսամյակին Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 63 հազար 437–ով, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 22 հազար 172–ով։
«Ցանկացած ցուցանիշ, որը հնչեցվում է, պետք է ճշգրիտ ձեւով ներկայացվի։ Եթե դուք վերցնեք առաջին 6 ամսվա ընթացքում ինչքան մարդ է մեկնել Հայաստանից, եւ հետո վերցնեք տարեկան կտրվածքով, կտեսնեք էական տարբերություն։ Տարվա կտրվածքով այդ տարբերությունը այնքան մեծ չէ, ինչքան առաջին վեց ամսվա ընթացքում։ Գաղտնիք չէ, որ դեռեւս Սովետական Միության տարիներից Հայաստանից միշտ արտագնա աշխատանքի էին մեկնում։
Այսօր այդ ցուցանիշը գնահատվում է տարեկան 50–ից 60 հազար։ Սեզոնային աշխատանքի մեկնում են գարնանը, վերադառնում են ուշ աշնանը, եւ բնականաբար, եթե դուք տարբեր ամիսներ վերցնեք, այս 50–ից 60 հազարը էապես կազդեն ձեր ցուցանիշների վրա եւ սխալ պատկերացում կթողնեն։ Դրա համար կոռեկտ կլինի այդ համեմատությունը իրականացնել տարվա կտրվածքով։ Այդ վիճակագրությանը մենք տիրապետում ենք, Հայաստանի միգրացիոն ծառայությունը մշտապես մոնիտորինգի է ենթարկում այդ բոլոր ցուցանիշները, եւ տալիս է իր գնահատականները։ [Միգրացիոն ծառայության պետ] Գագիկ Եգանյանը նաեւ մայիսին անց է կացրել ասուլիս, որի ժամանակ մանրակրկիտ ներկայացրել է այդ ցուցանիշները։ Նախորդ տարիների հետ համեմատած, եթե վերցնենք հիմնական արտագաղթի տարիները՝ 92–ի 95 թվականները, երբ տարեկան բացասական սալդոն կազմում էր 200 հազար, տեսնում ենք, որ տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու հետ զուգահեռաբար արտագաղթի տեմպերը փուլ առ փուլ նվազում են։ Նույնիսկ կարող ենք ասել, որ մինչեւ [2008-2009–ի] ճգնաժամի տարիները մենք ունեցանք դրական սալդո։
Բնականաբար ճգնաժամը իր հարվածը հասցնում է, որովհետեւ սոցիալական վիճակը վատանում է, եւ դա խթանում է արտագաղթը։ Բայց ցուցանիշները, որոնք դուք հնչեցնում եք, չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեկնողների եւ վերադարձողների թիվը տարբեր ցուցանիշներ են։ Ինչ վերաբերում է մտահոգությանը՝ ցանկացած հայ քաղաքացու մեկնումը մեզ մտահոգում է։ Այդ իսկ պատճառով էլ ՀՀ առավարությունը մշակել է համալիր ծրագիր, որտեղ մենք հստակ մատնանշում ենք, թե մենք ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի այս բացասական երեւույթը Հայաստանում իսպառ վերացնենք։ Հասկանալի է, որ առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, այդ են ցույց տալիս մեր բոլոր հարցումները։ Դա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք իսպառ վերացնել արտագաղթը, մենք պետք է խթանենք տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

No comments: