Saturday, July 2, 2011

Վրաստանի հայերը` «կեղծ եռանկյան» զոհեր. ազգությամբ հայ ենք, սովորում ենք Վրաստանում, մտածում ենք եւ խոսում` ռուսերեն

 News.am. 2-7-2011- Աջարիայում բնակվող էթնիկ հայերի մեծամասնությունը հայերենին չի տիրապետում, եւ հիմնականում խոսում է ռուսերեն: Աջարիայի հայերի խնդիրներին, իրենց մշակույթն ու ինքնությունը պահպանելու փորձերին է անդրադարձել վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը` Աջարիայի հայերի միության մամուլի քարտուղար, «Աղբյուր» պարբերականի խմբագիր Արթուր Հովհաննիսյանի հետ հարցազրույցում:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը, որոշ կրճատումներով.

-Որքա՞ն էթնիկ հայեր են բնակվում Աջարիայում, եւ ո՞րն է նրանց ամենագլխավոր խնդիրը:
-Բաթումիում հայերի թիվը փոքր է: Աջարիայում, բնակվում է մոտավորապես 10 հազար հայ: Նրանց խնդիրները շատ են, իսկ բաղադրատոմսը մեկը` մենք միասին պետք է պահպանենք մեր լեզուն, խոսքը եւ հավատքը: Հայերի ինքնության պահպանման գործում Ջավախքը միշտ մեծ դեր է ունեցել եւ այն վառ օրինակ է, թե ինչպես պետք է հայ մնալ:

-Ինչո՞ւմ է կայանում ինքնության պահպանման բարդությունը:
-Մենք, Վրաստանում բնակվող հայերս, վերջին ժամանակներում մեզ պաշտպանված չենք զգում, քանի որ բազմաթիվ հարցերում օրինակ` աշխատանք սկսելու, պետական կրթություն ստանալու հարցերում կամ սոցիալական ոլորտում միշտ խոչընդոտների ենք հանդիպում: Պաշտոնական անձինք ասում են, որ այդ ամենի պատճառը վրացերեն չիմանալն է, իսկ իրականությունն այն է, որ մենք հայ ենք: Հայերի ինտեգրումը վրացական հասարակությանը բավականին բարդ, բայց իմ կարծիքով, նաեւ անհրաժեշտ գործընթաց է: Նաեւ ուզում եմ նշել, որ Բաթումիի հայերը վրացերենին տիրապետում են:Մենք ուղղակի պետք է սպասենք, թե երբ Վրաստանի կառավարությունը կհետաքրքրվի մեր իրականացրած քայլերով, որպեսզի մենք մեզ զգանք Վրաստանի լիարժեք քաղաքացիներ:

-Բաթումիի հայերը գիտե՞ն հայերեն, թե` ոչ:
-Իմ կարծիքով, Վրաստանի հայերը դարձել են կեղծ եռանկյան զոհեր: Ինքներդ դատեք` ազգությամբ հայ ենք, սովորում ենք Վրաստանում, մտածում ենք եւ խոսում ռուսերեն: Այդ եռանկյունն այսօր էլ գոյություն ունի եւ ավելի է կարծրանում:

-Արդյոք Բաթումիում կա՞ հայկական դպրոց եւ որքա՞ն հայ է հաճախում այնտեղ:
-Բաթումիում հայկական դպրոց չկա: Մենք տեղի ղեկավարությանն առաջարկել ենք բացել հայ-վրացական մանկապարտեզ: Սա մեր լեզվի պահպանման միակ միջոցն է:

-Ի՞նչ դերակատարություն ունի այս խնդիրներում ձեր «Աղբյուր» պարբերականը:
-Պարբերականը մեզ հնարավորություն է ընձեռնում, խոսել Բաթումիի հայերի խնդիրների մասին: Այն բաղկացած է վեց էջից, որից չորսը ռուսալեզու է, իսկ մանացած երկուսը` վրացերեն եւ հայերեն: Թերթը ունի 500 տպաքանակ եւ այն տեղի հայերին ձրի է բաժանվում:

No comments: