Thursday, July 14, 2011

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հրաժարվել է արտաբերել «ցեղասպանություն» բառը

News.am. 14-7-2011- Ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնը, ում ԱՄՆ նախագահը առաջադրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում հրաժարվել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանդը:
Պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին` Հեֆերնը հայտարարել է, թե ցեղասպանության որակումը տալը քաղաքական որոշում է:
«Ես համաձայն եմ ձեր պնդումների հետ, որ 1915թ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն հայ է սպանվել, որ դրանք զանգվածային սպանություններ էին, որ էթնիկ զտումներ եւ հայերի բռնի տեղահանումներ են եղել, սակայն ցեղասպանության որակում տալը քաղաքական որոշում է, քաղաքական քայլ: ԱՄՆ նախագահը ճանաչել եւ դատապարտել է սարսափելի իրադարձությունները, որ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում: Ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահ Օբաման հրապարակայնորեն հայերի զանգվածային սպանություններն անվանել է 20-րդ դարի ամենասարսափելի չարագործություններից մեկը»,- նկատել է Հեֆերնը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ են ապագայում եւս աջակցել ջանքերին` «միտված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական փաստերի լիարժեք, արդար եւ պարզ ճանաչմանը»:
Իր հերթին սենատոր Ռոբերտ Մենենդեսը նկատել է, որ բարդ է դիվանագետին ուղարկել Հայաստան` իմանալով, որ նա ի վիճակի չէ օգտագործել ցեղասպանություն եզրույթը»:
«Սա բարդ պար է, որ մենք տեսնում ենք»,- ասել է Մենենդեսը. «Մի կողմից մենք լիակատար տեղեկատվություն ունենք կատարվածի մասին` ամերիկյան դիվանագետների գրագրություններ, կոնվենցիա` հաստատված Միացյալ Նահանգների կողմից, բավարար պատմական գիտելիքներ, մյուս կողմից հրաժարվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

No comments: