Thursday, July 14, 2011

Սահմանի բացումից հետո PKK-ն փորձելու է համագործակցել Հայաստանի եզդիների հետ

1in.am. 13-7-2011- Թուրքական Hürriyet օրաթերթին տված հարցազրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձել է հայկական սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի փորձերին, Հայաստան-սփյուռք կապերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK), Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի վերաբերյալ Բաքվի ունեցած դիրքորոշմանը։
Թուրքական թերթը գրում է. «Ամերիկահայ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Newsweek պարբերականին տված հարցազրույցը կարդալուց հետո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ցանկություն էր հայտնել հանդիպել հայ փորձագետի հետ։ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թուրքիայի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Անիի երկխոսություն» նախագծի շրջանակում Թուրքիա ժամանած Կիրակոսյանը Hürriyet-ի հետ զրույցում պատմեց Դավութօղլուի հետ անցած տարի ունեցած հանդիպման որոշ մանրամասների և վարագույրի այն կողմում դեռևս շարունակվող նախաձեռնությունների ներկայիս վիճակի մասին»։

Կիրակոսյանը նշել է. «Կարծում եմ՝ ինձ հետ հանդիպելու պարոն Դավութօղլուի ցանկությունը պայմանավորված էր Թուրքիայի արտգործնախարարության՝ սփյուռքի հետ կապեր հաստատելու առնչությամբ իրականացվող գաղտնի նախաձեռնություններով։ Նրանց համար կարևոր էին իմ տեսակետները` հաշվի առնելով այն փաստը, որ ես տարիներ շարունակ գործել եմ սփյուռքում:

2010 թվականի մարտին Նյու Յորքում սփյուռքի հետ հանդիպելու համար մի ժողով էին կազմակերպել։ Սակայն հանդիպումն այնքան վատ էր կազմակերպված, որ սփյուռքի ներկայացուցիչները չէին եկել, ներկա էին միայն թուրքերը։ Ես աշնանը պատրաստվում եմ գնալ Թուրքիայի արտգործնախարարություն և ներկայացնել սփյուռքի մոտեցումներն ու իմ առաջարկությունները։ Թուրքական կողմը չի կարողանում հասկանալ սփյուռքին, չգիտի, թե ովքեր են այնտեղ կարևոր դերակատարները։

Թուրքիան նախևառաջ պետք է հասկանա, որ Հայաստանը ո՛չ կարող է վերահսկել սփյուռքը, ո՛չ էլ հրամաններ տալ նրան։ Եթե սփյուռքը չի կարևորում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, դա կարևորում են Հայաստանի իշխանությունները։ Հարկ է, որ Թուրքիան տեսնի և հասկանա՝ ինչպիսին էլ լինեն Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերը միշտ ներառված են լինելու ԱՄՆ օրակարգում։ Սակայն այսօր Թուրքիայի համար հիմնական խնդիրը ոչ թե ԱՄՆ-ում գործող հայկական, այլ հրեական լոբբին է»։

Կիրակոսյանը հավելել է, որ Թուրքիայի արտգործնախարարությանը որոշ առաջարկություններ է անելու նաև ԱՍԱԼԱ-ի առնչությամբ. «Իմ երկրորդ առաջարկությունը, որը ցանկանում եմ ներկայացնել Թուրքիայի արտգործնախարարությանը, կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Արտգործնախարար եղած ժամանակ Ալի Բաբաջանը դրական էր մոտենում այն մտքին, որ Հայաստանն աշխատանքներ սկսի ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունը քննադատելու ուղղությամբ։ Նման կերպ է մտածում նաև Դավութօղլուն։

Կարծում եմ, որ այո՛, այն, ինչ արել է ԱՍԱԼԱ-ն, ահաբեկչություն է, և այն պետք է քննադատել։ Սակայն այս առնչությամբ Հայաստանի մոտեցումը եղանակի պես է՝ մեկ մռայլվում է, մեկ պայծառանում։ Բայց անպայման պետք է աշխատել այդ առաջարկության վրա»։

PKK գործունեության հետ կապված Կիրակոսյանը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո չի բացառվում, որ քրդերն ակտիվացնեն իրենց գործունեությունը Հայաստանում. «Ամենակարևոր հարցերից մեկը, որի շուրջ պետք է համագործակցեն Հայաստանն ու Թուրքիան, սահմանների անվտանգությունն ու PKK-ն է։ Սահմանին՝ հայկական կողմում, ապրում են քրդական ծագում ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց մենք եզդիներ ենք անվանում։ Նրանց թիվը շատ չէ և PKK հետ ներկա պահին կապեր չունեն։ Սակայն այդ շրջանի տներում հանդիպում են Աբդուլլահ Օջալանի նկարները։ Իսկ սահմանները բացվելուց հետո այդ շրջաններում ցանկանալու է որոշակի ակտիվություն ցուցաբերել PKK-ն։

Սա Թուրքիայի և Հայաստանի համար ընդհանուր վտանգ է։ Եթե անգամ հիմա Հայաստանի եզդիները PKK հետ կապեր չունեն, նրանք այդ կազմակերպության ազդեցության համար բաց հանրույթ են։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը երիտասարդ և դինամիկ անձնավորություն է։ Պետք է աշխատանքներ սկսել այդ թեմայի առնչությամբ»։

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերի մասին Կիրակոսյանն ասել է, որ աստիճանաբար մեղմանում է Բաքվի կոշտ դիրքորոշումը. «Ըստ իս՝ հայ-թուրքական արձանագրությունների մշակման գործընթացում Թուրքիան, լուրջ չմոտենալով Ադրբեջանի հնարավոր հակազդեցությանը և կարծելով, թե բավականին մեծ ազդեցություն ունի Բաքվի վրա, ռազմավարական սխալ թույլ տվեց։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանն արդեն սկսել է ընդունել իրողությունները։ Բաքուն ներկա պահին շարժվում է Հայաստանի և Թուրքիայի միջև առկա ոչ պաշտոնական դիվանագիտությունն աստիճանաբար պաշտոնապես ընդունելու ճանապարհով»։

No comments: