Tuesday, July 19, 2011

ՀԱԿ-իշխանություն հանդիպումն ավարտվեց. Կոնգրեսը սպասում է իշխանության առաջարկներին

Tert.am. 18-7-2011- Քիչ առաջ ավարտվեց մոտ երկու ժամ տևած ՀԱԿ-իշխանություն պատվիրակությունների առաջին հանդիպումը: Բանակցությունների սենյակից դուրս եկան նախ իշխանության ներկայացուցիչները, ապա նաև ընդդիմության պատվիրակության անդամները:
Ինչպես լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, կոալիցիայի պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանը, հանդիպմանը իրենք ներկայացրել են իրենց պատկերացումը երկխոսության մասին: Հարությունյանի խոսքով՝ իշխանությունը երկխոսությունն ընկալում է որպես քաղաքական նոր մշակույթի ձևավորման հիմք, ինչը սակայն չի նշանակում, թե «բացարձակ հակամարտությունից կողմերն անցնելու են համագործակցության»: Բացի այդ, ըստ Հարությունյանի՝ իշխանության պատվիրակությունը ճշգրտել է, որ իրենք ներկայացնում են իշխող կոալիցիայի՝ այսինքն՝ գործադիր իշխանությանը, խորհրդարանական մեծամասնությանն ու ՀՀ նախագահին՝ որպես կոալիցիայի ղեկավարի:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց այն «կարևոր հանգամանքը», որին ականատես են եղել իրենք: Ըստ Զուրաբյանի՝ հանդիպման ժամանակ պարզվել է, որ իրականում իշխանության պատվիրակությունն ունի ավելի մեծ լիազորություններ, քան հայտարարվել էր նախապես:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ որևէ քննարկում չի եղել օրակարգի մասին, ընդամենը կողմերն իրենց դիրքորոշումներն են ներկայացրել: ՀԱԿ-ը, նրա խոսքով, նշել է, որ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: «Մեր տեսակետն անփոփոխ է, խնդիրը կարող է կարգավորվել միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով»,- հայտարարեց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ որպես իրավիճակի լուծում իրենք արտահերթ ընտրությունների հարցն են բերել բանակցային սեղան ու սպասում են իշխանության առաջարկներին, որից հետո կքննարկեն սեղանին դրված բոլոր լուծումները:
«Որոշակի արդյունքներ կան և չեմ բացառում, որ կարող է շարունակություն լինել»,- լրագրողներին ասաց ՀԱԿ պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը՝ կրկին ընդգծելով այն հանգամանքը, որ կոալիցիայի պատվիրակության հետ հանդիպմանը պարզվել է, որ իշխանության պատվիրակությունն ավելի մեծ լիազորություններ ունի, քան նախապես էր հայտարարվել: Շահնազարյանը ևս նշեց, որ իրենք իշխանության պատվիրակությանը ներկայացրել են իրենց այն համոզմունքը, որ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով:
«Մենք շատ լավատեսական ենք տրամադրված»,- լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հաջորդ հանդիպման օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

No comments: