Tuesday, July 19, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի առնչությամբ երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ–ի կայքում։
«Հուլիսի 11-18-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Մոսկվա, Վիլնյուս, Բաքու և Երևան։ Հուլիսի 11-ին համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպշիկի հետ միասին հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու զարգացումները։ Հուլիսի 13-ին Վիլնյուսում արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ հանդիպմանը համանախագահներն իրազեկել են նրան հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո իրականացված քայլերի և խաղաղ գործընթացի մասին։
Բաքվում և Երևանում համանախագահները հանդիպել են նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ։ Նախագահների հետ հանդիպմանը համանախագահներն ընդգծել են հիմնարար սկզբունքների առնչությամբ համաձայնության հասնելու կարևորությունը։ Նրանք նշել են, որ ժամանակն է եկել քաղաքական կամք դրսևորելու տևական խաղաղության, անվտանգության հաստատման և տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման համար։ Նախագահները հաստատել են իրենց նվիրվածությունը շրջանակային փաստաթղթի համար առաջարկվող վերջին ձևակերպումներին անցնելու աշխատանքներին և խոստացել շարունակել աշխատանքները համանախագահների և համանախագահող երկրների հետ խնդրի խաղաղ կարգավորման որոնման գործընթացում»,– նշվում է հայտարարությունում։

No comments: