Thursday, July 28, 2011

Բրոնիսլավ Կոմորովսկին տպավորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով. Հայկ Դեմոյան

News.am. 28-7-2011- Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այսօր` հուլիսի 28-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը, Լեհաստանի նախագահը բավական տպավորված էր հուշարձանով եւ չէր թաքցնում իր գնահատակնները հուշարձանի մասին:
«Նա շրջայց կատարեց տարածքում, այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, համեմատություններ անցկացրեց Լեհաստանի պատմության հետ: Հատկապես հետաքրքրված էր եւ զարմացած, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տակավին նոր նյութեր են հայտնաբերվում»,- նշեց Դեմոյանը, հավելելով, որ Կոմորովսկին նաեւ լեհերենով գրառում է կատարել թանգարանի այցելուների համար նախատեսված մատյանում:
Բացի այդ, Լեհաստանի նախագահը եղեւնի է տնկել հարակից պուրակի այն հատվածում, որը պայմանականորեն լեհական անկյուն է կոչվում: Այդտեղ են նաեւ Լեհ Կաչինսկիի եւ Լեհ Վալենսայի տնկած ծառերը:
Նշենք, որ Բրոնիսլավ Կոմորովսկին 2005-ին եղել է Լեհաստանի Սենատի նախագահը, երբ Լեհաստանի Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի նրա ներդրումն Լեհաստանի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում եւս կա:
Նշենք, որ Բրոնիսլավ Կոմորովսկին 2005-ին եղել է Լեհաստանի Սենատի նախագահը, երբ Լեհաստանի Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի նրա ներդրումն Լեհաստանի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում եւս կա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:
Այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի հետ:
Նախագահներ Սարգսյանի եւ Կոմորովսկիի հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:

No comments: