Wednesday, July 27, 2011

Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը շատ խելոք մարդիկ են. Վարդան Պետրոսյանը՝ «շախմատային երկխոսության» մասին

Tert.am. 27-7-2011- Ֆրանսահայ դերասան Վարդան Պետրոսյանը, որը հայտնի է քաղաքական գործընթացների մասին իր հետաքրքիր տեսակետներով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իշխանություն–ընդդիմություն երկխոսությանը՝ այն անվանելով «շախմատային երկխոսություն»։ Պետրոսյանի կարծիքով՝ երկխոսելը ոչ միայն սեղանների շուրջ նստած, հրապարակային կարող է լինել, այլև այն կարող է լինել գաղտնի։ «Դա էական չէ, երկխոսությունը կարող է լինել նաև գաղտնի, և մենք չիմանանք՝ ինչի մասին են խոսում, բայց որ իշխանությունները կարող են, օգտագործելով օպոզիցիայի ուժերը, այս երկիրը մղել առաջ՝ սա փաստ է, անհերքելի փաստ է։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ դա կլինի»,– հայտարարեց դերասանը։
Նա նաև նշեց, որ ինքը մեծ կարծիք ունի Հայաստանի առաջին և ներկա նախագահների մասին։ «Ես մտածում եմ, որ և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Սերժ Սարգսյանը շատ խելոք մարդիկ են։ Ինչ էլ ասեք երկուսի հասցեին, ոչ ոք չի կարող ուրանալ, որ խոսքը գնում է շատ խելոք մարդկանց մասին, բայց ես չեմ ուզում հավատալ, որ երկու շատ խելոք մարդ չպիտի նստեն ու հասկանան, թե ինչ պետք է անեն։ Ես չեմ կարող հավատալ, որ իրենք չեն տեսնում, թե ինչ է կատարվում մեր երկրում»,– հայտարարեց Վարդան Պետրոսյանը։
Մտավորականը նաև ասաց, որ իր շփումների ժամանակ նկատել է, որ մարդկանց մեծ մասը երկխոսության գործընթացին լուրջ չի վերաբերվում, մի մասն արհամարհանքով է խոսում, և հիմա թե իշխանությունը, թե Կոնգրեսը կարծես փորձում են հասարակությանը համոզել, որ լուրջ երկխոսություն են վարում։ «Սա ինձ երկրորդական է թվում, բայց ես ասում եմ՝ այսօր ստեղծվել է հրաշալի հնարավորություն՝ երկխոսությամբ երկիրն առաջ տանելու և այս փոսից հանելու»,– ասաց նա։

No comments: