Wednesday, July 27, 2011

ՀՅԴ ու Ժառանգության մարգինալացում

«Լրագիր» 27-7-2011- Ժառանգությունն ու Դաշնակցությունը դարձել են Հայ ազգային Կոնգրեսի եւ իշխանության երկխոսության ընդդիմախոսը, կամ գլխավոր ընդդիմախոսը, հայտարարելով, թե այդ երկխոսությունը ոչ միայն համարում են ապարդյուն գործընթաց, այլ դրանում տեսնում են վտանգներ պետության համար:
Բայց, այդ դիրքորոշմամբ հանդերձ, նրանց քաղաքական պահվածքը կարծես թե այդքան էլ համարժեք չէ: Նկատելի է, որ երկխոսության գործընթացը բավական արագ է ընթանում, ունի շոշափելի դինամիկա, ամեն ամիս կամ շաբաթ մի նոր պայմանավորվածություն է ձեռք բերվում:
Եթե գործընթացը վտանգավոր է պետության համար, ապա Դաշնակցությունն օրինակ պետք է հիմա մի քանի ջահերով երթ արած լիներ դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես անում էր օրինակ հայ-թուրքական արձանագրությունների առաջընթացի օրերին: Կարելի էր գնալ ու կրակի վրա թուրքական դրոշի փոխարեն այրել Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՀԿ-ի դրոշները: Կամ կարելի էր ջահերով երթ անել դեպի մի չեզոք վայր, խորհրդանշելով երկխոսությունը: Հետո կարելի էր Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք անել եւ վճռականորեն հայտարարել, որ եթե շարունակվի երկխոսությունը, ապա իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ մինչ այդ էլ պետք էր պահանջել արտգործնախարար Նալբանդյանի հրաժարականը: Կասեք նա՞ ինչ կապ ունի երկխոսության հետ: Կապ չունի, ուրեմն հենց դրա համար էլ պետք էր պահանջել նրա հրաժարականը:
Ժառանգությունն էլ հետաքրքիր մարտավարություն որդեգրեց, որոշելով ժամանակավորապես դադարեցնել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական հանդիպումներն Ազատության հրապարակում: Հովհաննիսյանը հիմա կարծես թե մարզային հանդիպումներ է ունենում, կամ չի ունենում, դա արդեն այս պահին էական չէ, որովհետեւ նրա երեւանյան նախաձեռնությունն ակնհայտորեն տապալվեց, ընդ որում հրապարակայնորեն տապալվեց:

Ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին շրջանի քաղաքական գործունեությունը հրապարակային տապալումների շղթա է հիշեցնում: Նա մեկ վայր դրեց իր մանդատը, հետո այն հետ վերցրեց: Նա հացադուլ հայտարարեց քաղաքական եւ քաղաքացիական շարժառիթներով ու պահանջներով, հետո հանկարծ ընտանեկան տոնակատարության առիթով դուրս եկավ հացադուլից: Այդ ամենից հետո դժվար է ասել, թե մարզերում արդյոք նրա քաղաքական ծրագրերն ավելի լուրջ կընդունվեն, քան Երեւանում ընդունվեցին հանրային լայն շերտերի շրջանում: Րաֆֆի Հովհաննիսյանը պարկեշտ, ազգային մտածողության, բայց միեւնույն ժամանակ համամարդկային արժեհամակարգի կրող է, որը մարդկային համակրանք կառաջացնի քաղաքացիների շրջանում, բայց այդ ամենից բացի դեռ պետք է առաջացնել նաեւ քաղաքական շահագրգռություն, որը նրա մոտ չի ստացվում ակնհայտորեն:
Այդ պայմաններում, եթե Ժառանգությունն ու Դաշնակցությունը ուզում են խոչընդոտել իրենց կարծիքով վտանգավոր երկխոսությանը, թերեւս ճիշտ կանեն լռեն այդ մասին եւ երկխոսությունը չքննադատեն: Բանն այն է, որ սեփական քաղաքական գործունեության մեղմ ասած նվազ արդյունավետության եւ ընդգրկվածության պայմաններում երկխոսությանը տրվող բացասական գնահատականները հանրային անգամ չեզոք շրջանակների մոտ ընկալվում են իբրեւ հուսահատ պայքար “մարգինալացվելու” դեմ, որ մղում են լուսանցքում հայտնվելու վտանգ զգացող Դաշնակցությունն ու Ժառանգությունը: Երկխոսության դեմ նրանց քննադատությունն ավելի շատ իրենց է վնասում, քան երկխոսողներին: Այդ իսկ պատճառով ավելի լավ է լռեն, մինչեւ որ սեփական քաղաքական ծրագրերով կհասնեն խոսուն առաջընթացի: Այդ ժամանակ արդեն երկխոսությանը տված նրանց գնահատականները հանրային մեծ պահանջարկ կվայելեն եւ կունենան անկասելի հարվածի էֆեկտ:
Իսկ եթե նրանք վախենում են ուշանալուց, որ մինչեւ խոսուն առաջընթացի հասնեն սեփական քաղաքական ծրագրերով, երկխոսությունը անհաս բարձրունքների հասած կլինի, ապա միեւնույն է`ներկայիս ռեսուրսով նրանք երկխոսության հետեւից հասնելու որեւէ շանս չունեն, ու ոչ թե երկխոսության ընթացքն են դանդաղեցնելու, այլ արագացնելու են սեփական մարգինալացումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: