Wednesday, July 27, 2011

Պաշտոնական Անկարան կոշտ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին

Պաշտոնական Անկարան կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Սերժ Սարգսյանին քննադատող հայտարարությամբ:
«Պետական գործիչների հիմնական գործը պետք է լինի այն, որ նրանք իրենց հանրության և հատկապես երիտասարդ սերնդի համար պատրաստեն խաղաղությամբ և բարօրությամբ լեցուն ապագա: Սակայն դրան բոլորովին հակառակ մոտեցմամբ ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն սերմանելու ձևով երիտասարդներին և ապագա սերունդներին խորհուրդներ տալը ծայրաստիճան անպատասխանատու գործելաոճ է»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է նաև, թե այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված փնտրտուքները թափ են հավաքում, Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա խաղաղության համար աշխատելու նպատակ չունի:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

No comments: