Saturday, July 16, 2011

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Իլհամ Ալիևի` «աշխարհի ազարիների նախագահ» արտահայտությունն անօրինական է որակել

Panorama.am 15-7-2011- «Ադրբեջանի Հանրապետությունը նախ պետք է իր երկրում բարելավի ժողովրդավարության հետ կապված խնդիրները, այնուհետև չմիջամտի այլ երկրների ներքին գործերին, առավել ևս, պետք է ձեռնպահ մնա «Հարավային Ադրբեջան», կամ «Ադրբեջանի նախագահը աշխարհի 50 միլիոն ազարիների նախագահն» է արտահայտություններից, քանի որ, վերջին արտահայտությունը` նույնիսկ հակասում է միջազգային նորմերին»: Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնի կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով օրերս Բաքվում գումարված Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) 3-րդ համագումարին, նշել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին:

«Ինչպես նախորդ երկու համագումարների ընթացքում, այս անգամ ևս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին, ով մշտապես հանդես է գալիս հակաիրանական հայտարարություններով, կրկին խոսեց այսպես կոչված իրանցի ազարիների իրավունքների մասին և Իրանի կառավարությանն ահաբեկիչ անվանեց»,-նշել է իրանցի դեսպանը:
Նշենք, որ ս.թ. հուլիսի 5-ին, երբ ԱՀԿ 3-րդ համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվեց ԱՀԿ համակարգող խորհրդի նախագահ և հայտարարեց, թե իշխանությունը կանգնած է աշխարհի բոլոր ազարիների կողքին, իրանական կայքերը հանդես եկան մի շարք քննադատական հոդվածներով, մասնավորապես, «արաննյուզ.իռ» կայքը գրեց. «Այնպիսի անձ է ընտրվում ԱՀԿ համակարգող խորհրդի նախագահ, որի` «ադրբեջանցի» լինելը վիճելի հարց է:
Բացի այդ, Ադրբեջանը համարվում է բազմազգ երկիր, Ադրբեջանում ապրում են 5/1 միլիոն թալիշ, 450 հազար լեզգի, ավելի քան 200 հազար ավար և տասնյակ հազարավոր այլ ազգերի ներկայացուցիչներ: Իլհամ Ալիևի կառավարության վարած պանթյուրքիստական քաղաքականության արդյունքում անտեսվում են վերը նշված ազգերի իրավունքները: Արդյո՞ք այդպիսի կառավարությունը արժանիքներ ունի, որ աջակցի և հովանավորի ազարիախոս բնակչությանը: »:
«ՖԱՐՍ»-ի դիտարկմամբ էլ` Ադրբեջանի շովինիստական քաղաքականության արդյունքում ոչնչացվում է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուն ու մշակույթը:

No comments: