Wednesday, July 27, 2011

Խնդրում եմ չանել հեղափոխություն

«Լրագիր» 27-7-2011- Փաստացի, իշխող կոալիցիան համաձայն է քննարկել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրակարգը, որում ընդամենը մի հարց է` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն ու ընտրությունների նորմալ ընթացքի ապահովումը:
Ինչպես նշել է Դավիթ Հարությունյանը, երկխոսության օրակարգ, որը կշարունակվի արդեն մեկ շաբաթ անց, ներառվել են Կոնգրեսի ներկայացրած օրակարգն ու հարցերը, որ առաջադրել է հենց կոալիցիան: Կոնգրեսի պահանջները պարզ են: Իսկ ինչի՞ է ձգտում կոալիցիան: Մրցակցության ի՞նչ կանոններ են, որոնք կոալիցիան առաջարկում է ստորագրել բոլոր քաղաքական ուժերին:
Ըստ ամենայնի, իշխանությանն ընդդիմությունից պետք է, եթե կոռեկտ արտահայտվենք` չանել հեղափոխություն: Ամենից առաջ, փաստաթղթում, որ ընտրության դեպքում առաջարկում է կոալիցիան, կլինի կետ, որով Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նաեւ Բարգավաճ Հայաստանը պարտավորվում են ընտրության ցանկացած արդյունքի դեպքում չդիմել ծայրահեղ միջոցների, չհանեն ժողովրդին փողոց եւ չվիճարկեն ընտրության արդյունքները ժողովրդական հուզումներ գեներացնելու միջոցով:
Հեղափոխությունը ներկայում միակ բանն է, որ չի ուզում իշխանությունը: Եվ պատահական չէ Լեւոն Զուրաբյանը հանդիպումից հետո խոսել առճակատման մասին, իսկ Դավիթ Հարությունյանը հույս հայտնել, որ այդպիսի հայտարարություններն արվում են մարտավարական նկատառումներով եւ չեն հանդիսանում իրական մտադրություն: Իրականում իշխանությունը հասկանում է, որ դա միանգամայն իրական մտադրություն է, եւ դա կանխելու համար պատրաստ է ոչ միայն երկխոսության, այլ նաեւ արտահերթ ընտրությունների:
Ընդդիմության կողմից այդպիսի «երաշխիքների» առկայության պարագայում, իշխանությունը չի վախենա արտահերթ ընտրություններից: Ավելի շուտ, նա հավանաբար արդեն հասկացել է դրանց անխուսափելիությունը, բայց Հանրապետական կուսակցությունը նաեւ հասկանում է, որ առանց վարչական ներուժի ներգրավման, չի կարող պահպանել մեծամասնությունը, դրա համար էլ նրան երաշխիքներ են պետք, որ մյուսներն աչք կփակեն որոշակի չափի խախտումների վրա եւ չեն հանի ժողովրդին փողոց:
Ընդ որում, խոսքը ոչ միայն Կոնգրեսի մասին է: Սերժ Սարգսյանը կձգտի երաշխիքներ ստանալ նաեւ Բարգավաճ Հայաստանից, որը, այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքում հայտնվի քաղաքական լուսանցքում, նույնպես կարող է «արտակարգ» գործողությունների նախաձեռնել: Երաշխիք այն մասին, որ ԲՀԿ-ն իրեն աջակցելու է, Սերժ Սարգսյանը մի կերպ կորզեց գարնանը: Հիմա պետք են ավելի շատ երաշխիքներ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: