Wednesday, July 27, 2011

.Ճշմարտությունը Հայաստանի մասին ( «London Daily Telegraph», 1895 թ., հուլիսի 6)

Քրիստոնյաների կոտորածները
Ստորև ներկայացնում ենք Հայաստանում մեր հատուկ հանձնակատարի տասնչորսերորդ փոստային նամակը: Այն ներառում է Գելիեգուզանում քրիստոնյաների նկատմամբ սարսափելի կոտորածների մանրամասները: Որոշ հանգամանքներ արդեն տպագրվել էին Կարսից ստացված հեռագիրների հիման վրա, սակայն մենք թաքցրել էինք այն հատվածները, որտեղ նկարագրվում էին սարսռազդու չարչարանքները զոհերից ոմանց նկատմամբ, հատկապես կանանց, քանի որ դրանք չափից սոսկալի էին թերթում տպագրվելու համար: Մեր հանձնակատարը մեղադրում է թուրքերին այդ գազանային դաժանությունների համար:

Փախստականները լեռներում
Սասունի գյուղերի ամենահաջողակ փախստականները , ովքեր պաշտպանություն գտան Անդոկ լեռան մոտ, վայելեցին միայն միքանիօրյա կարճատև հանգիստ, և շատերը, ում դիակները այժմ թավալվում են այնտեղ` ձյան մեջ, կարող էին հաջողությամբ փախչել, եթե չլինեին այդ ցուցադրական, քաղցրալեզու դավաճանները, որը բազմաթիվ թուրքերի հայտնի բնութագիրն է:
Ամեն վաղ առավոտյան փայտփորիկների երգերը խլանում էին շեփորի պայթյունների մեջ` կանչելով քրդական զորքերին` որսորդության: Նախկինում նրանք գոհ էին մնում միայն պատահական կրակոցներ արձակելով այնտեղ, որտեղ կարծում էին, որ գյուղացի է թաքնված: Հետագայում նրանք փոխեցին իրենց մարտավարությունը: Գյուղացիները հարձակվում էին քրդերի վրա և հագնում էին քրդերի նման, եթե, իհարկե, ունենում էին հնարավորություն: Նրանք դեռ հիմարաբար հույսները դնում էին զինվորների պաշտպանության վրա: Նրանց մարտավարությունը դանդաղ առաջ շարժվելն էր, իսկ նրանց մեծամասնությունը զինված չէին: Ուտելիք դեռ ունեին, բայց ոչ նախանձելի վիճակում գտնվող մարդիկ ամեն ժամ սպասում էին, որ զոհ էին դառնալու մահվան ճիրաններում: Այդ մարդիկ իրենց հետ ունեին ոչխարների հոտեր, այսինքն` միս, բայց դա, այսպես ասած, հումքն էր միայն. Ցերեկվա լույսին ստիպված էին պառկել, որ իրենց չնկատեին, իսկ կրակ վառել չէին համարձակվում` վախենալով հարձակման հրավիրել թուրքերին: Նրանք սպանում էին ոչխարներին, իրենց դաշույններով մասնատում էին միսը և այն փռում էին գետնին, որ արևը չորացներ: Եվ դա ուտում էին առանց աղ:

Ամբողջ Անդոկ լեռը, այսպես ասած, լի էր այսպիսի թշվառ արարածներով` մի տեղ հինգ հոգի, մեկ այլ փոսի մեջ թաքնված էին տասը հոգի, որ քնած էին ամուսնու, հոր կամ մոր դիակի կողքին: Մի անկյունում մոտ 20 գյուղացիներ զինված էին հին զենքերի կտորներով` նրանց հետևում 60 կամ 70 կանայք, երեխաներ, ծերունիներ և հաշմանդամներ, որոնց ներկայի և ապագայի միակ հույսը այդ հնացած զենքերի կտորներն էին: Լեռան մի անմատչելի մասում կարելի էր տեսնել մի քահանայի, որը ամեն ինչ անում էր` վհատված գյուղացիներին համոզելու` օգնություն խնդրել երկնային տիրոջից: Այս մարդկանց ֆիզիկական տառապանքները ավելի թեթև էին` համեմատած այն բարոյական տանջանքներին, որ ստիպված էին դիմանալ շաբաթներով այդ անհյուրընկալ լեռան վրա: Ծնողները, գրկելով և համբուրելով իրենց երեխաներին, հասկանում էին, որ դա միակ թելն է, որ նրանց կապում է այս կյանքին:

Թուրքերի ուխտադրժությունը
Թշնամին գնալով ավելի էր հուսահատվում. Լեռան վրայի խոռոչները, թփերը և այլ թաքստոցները հնարավորություն չէին տալիս նրանց առաջ շարժվել և սկսել հալածանքները: Դա արդեն նրանց հունից հանում էր, և թուրքերը մարդիկ ուղարկեցին դեպի գյուղ` թշվառ գյուղացիներին ասելու, որ իրենց համար օրենքին հակառակ է արյուն թափել, ուստի առաջարկեցին հայերին ապրել քրդերի հետ խաղաղության և եղբայրության մեջ, սակայն միայն մի պայմանով, եթե նրանք իջնեին լեռներից և հանձնեին իրենց զենքերը, ապա կառավարական զորքերը նրանց կվերցնեին իրենց պաշտպանության տակ և կերաշխավորեին նրանց կյանքերն ու ունեցվածքը: Առաջարկը գայթակղիչ էր, քանի որ միակ երկընտրանքը մահն էր, և ներքևում գտնվող զորքերը մինչև հիմա կառավարական զորքերի համազգեստով չէին հարձակվել քրիստոնյաների վրա: Հայերը պատսպարվել էին Անդոկ լեռան վրա ոչ թե նրա համար, որ այստեղ կային թաքնվելու ժայռեր, թփեր ու խոռոչներ, այլ քանի որ ուզում էին ճանապարհ գտնել դեպի Դիարբեքիր: Ուստի առաջարկը ընդունելով` այդ ճանապարհը փակվում էր նրանց համար: Այդ ժամանակ եկեղեցական քահանան` տեր Հովհաննեսը, բարձրաձայն հայտարարեց, որ առանց որևէ համոզիչ հիմքերի անարդար կլինի կասկածել զինվորների բարի կամքը, և ասաց, որ ինքը առանց փոքր-ինչ կասկածելու իր կյանքը կվստահի նրանց: Սասունցիների շրջանում քահանան համարվում է մարգարե և առաջնորդող: Այդ պատճառով իր հոգևոր զավակների մեծամասնությունը հետևեցին տեր Հովհաննեսին:

Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում գյուղացիներին պահում էին վրանում, իսկ այդ ընթացքում զինվորները դրսում «զբաղված էին» ինչ-որ բանով: Գյուղացիներին մանրակրկիտ հարցաքննում էին այն մարդկանց թվաքանակի մասին, ովքեր մնացել էին Անդոկ լեռան վրա: Նրանք բոլոր հարցերին ճիշտ էին պատասխանում` հուսալով, որ դա լավ ազդեցություն կունենա իրենց ապագա կյանքի համար: Մի քանի ժամ անց նրանցից մի քանիսը ականատես եղան այն աշխատանքին, որով զբաղված էին զինվորները. Նրանք փոս էին փորում կամ, ավելի ճիշտ, վիթխարի գերեզմաններ: Թշվառ քրիստոնյաների շրջանում լսվեցին սարսափի շշուկներ, որոնք խառնվեցին ողորմելի աղոթքների հետ` ուղղված դեպի այն Մեկը, ում վրա դեռ հույս ունեին, որ կօգնի իրենց: Մի քանիսը անօգուտ փորձեր արեցին փախչելու, բայց թուրքերի սվինները ետ կանգնեցրեցին: Սարսափելի բառերը, որ դուրս էին թռչում զինվորների շուրթերից, ցավից ողբացող երեխաները, կանանց վաղաժամ ծննդաբերության ցավերը և այն սարսափելի իրականությունը, որ ոչ մի արև չի կարող լուսացնել այն մթությունը, որ կախվել էր այդ թշվառ մարդկանց վրա, ավելի սարսափելի էր, քան այն ջարդերը, որ սպասվում էր նրանց: Կրակոցի ձայնը կոտրեց ամեն կասկած, և ամեն տղամարդ, կին և երեխա բարձրացավ` ուշադիր լսելով զորքերի շարժումը. Նրանք շարժվում էին հսկայական փոսերի ուղղությամբ, այնուհետև կանգնեցին երկու շարքով` իրար դեմ-դիմաց: Այժմ գյուղացիների հերթն էր…

Քահանայի նահատակությունը
Երբ հայերը ժամանեցին թշնամու բանակը, նրանց հրամայեցին ցույց տալ իրենց միջի ամենաազդեցիկ մարդուն: Եվ նրանք մատնացույց արեցին քահանային, ում գլխավորությամբ իրենք իջել էին Անդոկ լեռան վրայից: Արևի մայր մտնելուց մի քիչ առաջ 2 զինվոր հափշտակեցին քահանային, ով իր ձեռքերը խաչի նման պարզել էր և քարացել: Երբ հնչեց հրահանգը, զինվորները հանեցին քահանայի աչքերը, որից հետո նրան քաղաքավարությամբ խնդրեցին Աստվածաշնչից մի քանի հատված կարդալ, որը ամուր սեղմել էր արյունաքամ դեմքին, մինչ մահ էր աղերսում: Հետո հրամայեցին հոգևորականի կոկորդին մի քանի անցք անել, որը անմիջապես իրագործվեց: Ջուր բերեցին և, լցնելով քահանայի բերանը, հրճվեցին, թե ինչպես է այն թափվում կոկորդի անցքերից: Գյուղացիները, ովքեր ականատեսն էին այս գազանության, սարսափից քարացել էին: Բայց ողբերգությունը դեռ չէր վերջացել…

Հաջորդ տեսարանը ամենասարսափելին է և հնարավոր չէ բացատրել բառերով: Տեր Հովհաննեսի մահը միայն նախերգանքն էր այն դաժանությունների, որ դեռ սպասվում էր: Սկզբում մորթը միայն հաճելի զբաղմունք էր թուրքերի համար, ասես թշվառ գյուղացիները մկներ լինեին, որոնց ուտում էին կատուները: Որոշ ժամանակ անց մոլեռանդությունը վերածվեց հոգնածության, և զինվորները իրենց «գործը սկսեցին անել» ավելի անփույթ ձևով: Այն մարդիկ, ում վերքերը դեռ հնարավորություն կար բուժելու, նետեցին փոսերի մեջ` մեռածների կողքին: Նրանցից մեկը, ում մարմնի վրա կար 30 դաշույնի հետք, հրաշքով կարողացավ սողալ դիակների վրայով և մի քանի օր թաքնված մնաց թփերի ետևում, մինչև կարողացավ հասնել Մուշ և հանդիպեց մեր հանձնակատարին: Այդ մարդու սարսափելի հոգեվարքը հնարավոր չէ նկարագրել: Նա ասում է, որ թվում էր, թե անտանելի ցավը, որը ցնցում էր նրա մարմնի ամեն մի մկանը, քիչ էր մնում նրան հասցներ խելագարության: Ինչպես Դանթեն Ֆլորենցիայում, այնպես էլ նրան կարելի է անվանել այն մարդը, ով եղել է ԱՅՆՏԵՂ և դեռ կենդանիների աշխարհում է ապրում:

Նախքան մորթի սկսվելը, գյուղացիների միջից ընտրեցին գեղեցիկ կանանց և աղջիկների և նրանց բաժանեցին երկու մասի: Մի մասին տարան թուրք հրամանատարները և բաժանեցին միմյանց միջև: Իսկ մյուս մասին տարան Գելիեգուզանի եկեղեցին, որտեղ զինվորները մտնում էին խմբերով և աղջիկներին ստիպում պարել խորանի վրա, իսկ հետո սկսվեցին սանձարձակ գինարբուքները, որը հնարավոր չէ վերարտադրել ոչ մի քաղաքակիրթ լեզվով: Դրանք տևեցին մի քանի օր, որից հետո թուրքերը սպանեցին իրենց զոհերին :

Թուրք զորքերի մյուս մասը այնուհետև ուղարկվեց Դալվորիկ (Դալորի կամ Տալվորիկ)` Գելիեգուզանից հարավ-արևելք, որտեղ ընտրեցին 60-70 գեղեցիկ կանանց իրենց հրամանատարների համար: Իսկ մնացած կանանց փակեցին տեղի եկեղեցում և ենթարկեցին այն նույն չարչարանքներին, որոնց ենթարկվել էին Գելիեգուզանի հայուհիները: Այնուհետև պայթեց հրանոթը, և դրա արձագանքը գնաց ժայռից ժայռ, լեռից լեռ: Տները իրար հետևից հայտնվեցին կրակի մեջ: Երբ, վերջապես, զինվորները հանգստացան իրենց «ծանր աշխատանքից», տան քարերը, փայտանյութը, կահույքը, մարդկանց դիակները, կույտերի վերածված, ցաքուցրիվ էին եղած այս ու այն կողմ:
Զանազան կոտորածների տեսարանները Մուշում, որ իմ և այլ եվրոպական պատվիրակությունների աչքի առաջ են, գերազանցում են բոլոր համոզմունքները…
թարգմանիչ Աստղիկ Մաիլյան

Աղբյուր՝ BNABAN.AM. 27-7-2011

No comments: