Thursday, July 14, 2011

ՀՀԿ. Ադրբեջանն ապտակ է ստացել միջազգային հանրությունից

News.am. 13-7-2011- Միջազգային հանրությունն ապտակել է Ադրբեջանին եւ դա արդյունք է ունեցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե պետք է առանց հապաղման սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները:
«Եթե մտավոր դիտարկում անցկացնել եւ հիշել նախորդ հանդիպումներում Ադրբեջանի դիրքորոշումը, հիշել Ադրբեջանի պահվածքը այդ հանդիպումներից հետո, ապա մենք վստահությամբ կարող ենք ասել, որ այս անգամ Ադրբեջանը լավ ապտակ ստացավ միջազգային հանրությունից»,- նշեց Սահակյանը` ավելացնելով, որ դրանով է պայմանավորված հարեւան երկրի դիրքորոշման կտրուկ մեղմացումը:
«Մենք միշտ ասել ենք խաղաղ կարգավորման եւ քաղաքական կամք դրսեւորելու անհրաժեշտության մասին: Մենք միշտ հաստատել ենք միջազգային իրավունքի երեք սկզբունքներին հավատարիմ լինելը: Դրանք անքակտելի են եւ ոչ մեկը մյուս երկուսի նկատմամբ գերակա չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք եւ չենք փոխել, իսկ Ադրբեջանը դրսեւորում էր ապակառուցողականություն»,- թվարկում էր Սահակյանը:
Վերջում նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում, որտեղ Հայաստանի նախագահն ասել է հետեւյալը. «Մենք մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի»:
«Սա շատ կարեւոր ճշմարտություն է, որը ասվել է միջազգային հանրությանը: Հայաստանն իր ժողովրդին չի պատրաստել պատերազմի, իսկ Ադրբեջանը բանակցություններում կռվում է խաղաղության համար, բայց վերադառնալով Բաքու` խոսում է պատերազմի մասին: Դե նրանք թուրք ու ազերի են, դա նրանց բնորոշ է», - քմծիծաղով նկատեց պատգամավորը:

No comments: