Saturday, July 9, 2011

«Իզվեստիա». Կազանում համաձայնությունը չի կայացել Իլհամ Ալիևի պատճառով

Panorama.am.8-7-2011- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Կազանում կայացած քննարկումները տապալվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատճառով: Նման տեղեկություն է հրապարակել այսօր ռուսական հեղինակավոր «Իզվեստիա» թերթը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօր Երևան և Բաքու կատարած այցելությանը` թերթը նշում է, որ հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպմանը կողմերը առավել քան երբևէ մոտ են եղել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը:
ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա «Իսզվեստիա»-ին մասնավորապես ասել է. «Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի միջնորդական ջանքերի շնորհիվ Երևանն ու Բաքուն ձեռքսեղմումից տառացիորեն մեկ քայլ էին հեռու: Բայց վերջին պահին Իլհամ Ալիևը հետքայլ կատարեց. նա ձևակերպեց այդ տասը առաջարկները»:
Թերթը գրում է, թե իր տեղեկություններով տարաձայնությունների հիմնական պատճառը մադրիդյան սկզբունքների հետևյալ դրույթն է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանում` նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»:
«Այսիքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի ճանապարհային քարտեզի մշակների մտահղացմամբ անկլավի ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեով: Իսկ այդտեղ ապրող հայերի, որոնք բնակչության ճնշող մեծամասնությունն են, քվեարկությունը կասկածի տակ առնել պետք չի»,- գրում է թերթն ու նշում, որ Բաքվի դժգոհությունն հենց այստեղ է:

No comments: