Thursday, July 28, 2011

Սերժ Սարգսյանի արժանի պատասխանը կտա հայ երիտասարդությունը. Անկարա

Tert.am. 27-7-2011- Նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն իսկական իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Անկարայից շարունակում են կոշտ քննադատություններ հնչել Սերժ Սարգսյանի հասցեին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունից և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունը դատապարտել է նաև Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։
Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակելով որպես «սադրանք»՝ Բաղըշն սպառնացել է, որ Հայաստանի նախագահի խոսքերն անպատասխան չեն մնալու։
«Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի պարզած խաղաղության ձեռքը հասկանալ չկարողանալու չափ հանգած մտածողությամբ քաղաքական գործիչներ, նույնիսկ առաջնորդներ կան ոչ միայն Եվրոպայում, այլև՝ նրա սահմաններից դուրս։ Հայ երիտասարդներին ատելություն պարտադրող Սարգսյանի արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր երիտասարդներին թողնել մութ մի ճանապարհ։ Այն, ինչ արեց Սարգսյանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ կրակել սեփական ոտքին, անցնել թույլատրելիի սահմանը։ Ցանկանում ենք, որ հենց հայ երիտասարդությունը տա նրա զառանցանքների արժանի պատասխանը»,– ասել է Բաղըշը՝ ավելացնելով. «Մենք գիտենք, որ Թուրքիայի հայ համայնքը և ազգությամբ հայ մեր քաղաքացիները մեծապես անհանգստացած են Սարգսյանի այդ պրովոկացիայից։ Վստահ եմ, որ նրանք վճռականորեն դեմ հանդես կգան այդ սադրանքին։ Իսկ եթե Սարգսյանը ետ չկանգնի այդ սխալից, ապա պետք է իմանա՝ այդ ամենն անպատասխան չի մնալու։ Թուրքիայի բարեկամությունն ուժեղ է, Թուրքիայի բոլոր բարեկամները շահել են մեր բարեկամությունից։ Սակայն բոլոր նրանք, ովքեր փնտրել են հակառակը, միշտ տուժել են»։
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

No comments: