Thursday, July 28, 2011

Սփյուռքը հիմա ավելի ինֆորմացված է

«Լրագիր» 27-7-2011- Այսօր ՄԻԺԻ գրասենյակում Policy Forum Armenia կազմակերպության համանախագահ, Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Դավիթ Գրիգորյանը անդրադարձել է Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններին, հեռանկարներին։
Դավիթ Գրիգորյանը համառոտ ներկայացրել է 2010 Policy Forum Armenia կազմակերպության զեկույցը, որը ներկայացվել է Վաշինգտոնում, Սան -Ֆրանցիսկոյում, Փարիզում: Նրա խոսքով, զեկույցի նպատակն էր կոնսոլիդացնելու Հայաստանից դուրս և Հայաստանում գտնվող հայաստանակենտրոն ուժերին, որոնց միջոցով հնարավոր կլինի այլընտրանքային հայացք գցել գործընթացներին:
Առաջին զեկույցը 2008-ի նախագահի ընտրություններին էր նվիրված, 2-րդը` գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին և դրա` Հայաստանի տնտեսության վրա թողած հետևանքներին, ինչպես նաև Սփյուռք- Հայաստան հարաբերությունների 20- ամյա գնահատականներին:
Անդրադառնալով Հայաստան- Սփյուռք հարաբերություններին` Դավիթ Գրիգորյանը նշել է, որ այս ամենի մասին ստատիկ պատկեր ստանալու համար հարկավոր է հասկանալ` այդ հարաբերություններն ինչպես են զարգացել այս քսան տարիների ընթացքում: Նրա խոսքով, շատերը սփյուռքը դիտարկում են միատարր կառույց կամ սոցիում, ինչը սխալ է: Ոչ միայն առկա են տարբեր աշխարհագրական բաժանումներ, այլ նաև սփյուռքի ձևավորման պատմությունը տարբեր է, և հնարավոր չէ սոցիումների, համայանքների զարգացման և մտածելակերպի վրա դրանք ազդեցություն չունենան, արդյունքում` համայնքների հետ Հայաստանի հարաբերությունների հարցում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքներում հարաբերությունները, մտածելակերպը ավելի շատ կուսակցական բնույթ են կրում, գոյություն ունեցող ավանդական կուսակցությունների ֆորմատով և ավելի կուսակցական, քան ավելի համահայկական բնույթ են կրում:

«Ակնհայտ է, որ արդյունքում այդ ստեղծված հարաբերությունները ոչ թե դեպի ժողովուրդ հարաբերություններն են, այլ Սփյուռքի էլիտա և իշխանություն հարաբերություններն են: Բացի այդ, սփյուռքում կա նաև լուրջ միջոցների, ռեսուրսների պակաս, ինչը չի կարող ազդեցություն չունենալ Սփյուռքի ներսում կազմակերպվածության առումով», ասել է Դավիթ Գրիգորյանը:

Արդյունքում, Դավիթ Գրիգորյանի խոսքով, սփյուռքը չկարողացավ ՀՀ-ի հետ կապված ձևավորել այն տեսլականը, որը հիմք կհանդիսանար ապագա հարաբերությունների զարգացմանը, չձևավորվեց այն արժեքային համակարգը, որի համար հիմք կարող էին հանդիսանալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

«Ուղղակի թե անուղղակի խրախուսվեց վատը, 2008-ի կեղծված ընտրություն, թե մարտիմեկյան սպանդ: Այդպես էլ Սփյուռքի կողմից քայլեր չարվեցին կանխելու ապագայում նմանատիպ իրադարձությունների կրկնումը», նկատել է Դավիթ Գրիգորյանը: Այստեղից, տնտեսագետի խոսքով, եզրակացնում ենք, որ սփյուռքը ոչ մի էական ձևով չկարողացավ կանխել արտագաղթը, աղքատության վերացման առումով սփյուռքը լուրջ դեր չունեցավ, հիմքեր չստեղծվեցին կայուն զարգացման համար:

Ստացվեց` Սփյուռքի կեղծ օժանադակությունը թե քանակական, թե որակական առումով կորցրեց իր ուժն ու որակը: Սակայն, բանախոսի խոսքով, Սփյուռքը 2008-ից, մասնավորապես հայ թուրքական գործընթացից հետո, դառնում է ավելի ինֆորմացված, ինչը կարևոր է, որովհետև այս ճանապարհով Էլիտայի մոդելն է փոխվում, հարաբերություններն ավելի միկրո են դառնում, և դրա առաջին պատճառը, ըստ բանախոսի, ինֆորմացված լինելն է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար տնտեսագետն առաջարկում է նախևառաջ հասկանալ`որն է սփյուռքի ռեսուրսը, ինչպես է հարկավոր օգնագործել Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման տեսլականում: «Հարկավոր է հասկանալ, որ գործ ունենք մի շատ կարևոր ցանցի հետ, և սփյուռքը կարիք ունի իր ձայնը կոնսոլիդացնելու հատկապես կառավարման այն որակի դեպքերում, որ տեսնում ենք Հայաստանում»:
Հարցին`Սփյուռքի նախարարությունն արդյոք չի զբաղվում այս տեսակ հարցերով, Դավիթ Գրիգորյանը ի սկզբանե սփյուռքի նախարարության ստեղծումը ողջունելի է համարել, սակայն գտնում է, որ այս ամենն իրականում չէր էլ կարող աշխատել, քանի որ սփյուռքահայերը շատ լավ հասկանում են` անցած գործընթացների արդյունքում 2010-11-ին երկիրը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ, և գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ` կապված թե ժողովրդագրական, թե տնտեսական խնդիրների հետ, որոնք այնքան խորն են, որ ի վերջո վերածվում են ազգային անվտանգության խնդիրների: Մարդիկ ոչ մի լուրջ ակնկալիք չունեն, հատկապես, երբ կարծես թե փորձ է արվում դրանցում ներգրավել այնպիսի կառույցների կամ անձանց, որոնց քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը բավական ցածր է, որոնք իրենց երբևէ թույլ չեն տալիս իշխանությունների հանդեպ քննադատությամբ հանդես գալ: Այս ամենի արդյունքում Սփյուռքի նախարարության վարկանիշը, նրա խոսքերով, Սփյուռքում մնում է սարսափելի ցածր:

No comments: