Tuesday, July 19, 2011

Հայ գյուտարարը «հավերժական շարժիչ» է ստեղծել

Tert.am. 19-7-2011- «Ես ստեղծել եմ հավերժական շարժիչ, բայց արտոնագիր տալիս ասացին՝ հավերժական շարժիչ է, բայց իրավունք չունենք անունը դնել հավերժական շարժիչ»,- այսօրվա ասուլիսում նշեց մաթեմատիկոս, գյուտարար, «հավերժական շարժիչի» հեղինակ Հենրիկ Մխիթարյանը։
«Սենյակում դրել եմ մի կառույց, սենյակում կա միայն մթնոլորտային ճնշում, ուրիշ ոչ մի բան։ Ջուրը հոսում է ռադիատորների միջով, տաքանում է, օդը սառում, որը պտտեցնում է տուրբինը։ Իսկ ցանկացած պտտական շարժում կարելի է վերածել էներգիայի»,- պատմեց նա՝ լրագրողներին հրավիրելով իր տուն՝ համոզվելու, որ շարժիչն իրոք աշխատում է առանց արտաքին միջամտության։
Ըստ գյուտարարի՝ իր հայտնագործությունը կարող է մարդկությանը տալ ոչ միայն էներգիա, այլև տաք ջուր։ Նա հաշվարկել է, որ առանց էներգիա ծախսելու, այսինքն՝ օգտագործելով միայն մթնոլորտի ճնշման էներգիան, կարելի է սառն օդով ապահովել շոգ երկրները, և տաք ջրով ապահովել ողջ երկրագնդի մարդկությանը։ «Հաշվարկված է, որ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է 100լ տաք ջուր մեկ օրվա համար, իսկ դրա համար անհրաժեշտ է 70 մլն կվտ էներգիա, ինչը, բնականաբար, կխնայի այդքան ռեսուրս»,- ասաց նա։
«Ամբողջ աշխարհը պիտի գա, տեսնի, զարմանա, ու էժան էներգետիկայով լցվի, ու գլոբալ տաքացման հարցն էլ լուծվի»,- ասաց գյուտարարը։
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կարևորեց նման գյուտը՝ այլընտրանքային էնեգիայի ռեսուրսները բացահայտելու և ատոմակայանների շահագործումը դադարեցնելու առումով։ Հիշեցնելով Չեռնոբիլի և Ճապոնիայի ատոմակայանների վթարների հետևանքով բնապահպանական հսկայածավալ վնասների մասին՝ նա ասաց, որ նման անվնաս միջոցներով էներգիա ստանալու նախագծերին պետք է աջակցել հնարավորինս ակտիվորեն, մինչդեռ «Էներգետիկայի նախարարությունում մի ասույթ կա, թե քամու էնեգիան դա քամի է, արևի էներգիան դա ծիծաղելի է»։
Սանասարյանը հիշեցրեց, որ տարբեր երկրներում հարյուրավոր տարիներ արդեն աշխատում են տարբեր հիդրոկայաններ և հողմաղացներ՝ առանց մարդկային միջամտության։ Նա խորհուրդ տվեց գյուտարարին հրաժարվել «հավերժական շարժիչ» սենսացիոն անվանումից և նախագիծն առավել գործնական տեսքով ներկայացնել։

No comments: