Tuesday, July 19, 2011

Նախաքննության էական բացթողումներ

«Լրագիր» 19-7-2011- Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ծանոթանալով Արտակ Նազարյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նյութերին` միջնորդություն է ներկայացրել քննիչ Լևոն Պետրոսյանին` քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քննչական մի շարք գործողություններ կատարելու, նոր անձանց գործով որպես մեղադրյալ ներգրավելու անհրաժեշտության մասին:
Շուրջ մեկ ամիս է, ինչ ավարտվել է Արտակ Նազարյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննական փուլը և վերջին 20 օրը քրեական գործի նյութերին ծանոթանում էին փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Սեդա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ քրեական գործում տեղ գտած նյութերի հիմնական մասին փաստաբաններն իրավունք ունեն ծանոթանալ նախաքննության ավարտից հետո միայն և անհամաձայնությունների դեպքում միջնորդություններ ներկայացնել նախաքննական մարմնին:
Փաստաբանը, մասնավորապես, կարևորել է մի շարք հարցեր, որոնց բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը կարող էր էական նշանակություն ունենալ քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:
“Նախաքննությունը անհրաժեշտ և բավարար ջանքեր չի ձեռնարկել լուծելու հակասությունները և պարզելու ճշմարտությունը Ա. Նազարյանի նոթատետրի հայտնաբերման, այն նախաքննության մարմնին Ա. Նազարյանի մահվանից հետո 12-13 օր չտրամադրելու իրական պատճառների, նրա դաշտային սպայական պայուսակի, ինչպես նաև նրա կանաչ տետրի գտնվելու իրական վայրի և դրա ոչնչացման հանգամանքների շուրջ”, միջնորդության մեջ նշել է փաստաբանը և պնդել, որ նշված հանգամանքների պարզաբանման նպատակով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ քննչական գործողություններ:

Նոթատետրի՝ որպես գործով կարևոր նշանակություն ունեցող ապացույցի մասին իմանալու և նախաքննության մարմնից 12-13 օր թաքցնելու, ինչպես նաև դրա մասնակի վնասմանը առնչություն ունենալու համար, փաստաբան Շուշանյանը միջնորդել է քրեական հետապնդում իրականացնել շտաբի պետ Մ. Նաջարյանի, գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանի, իսկ գործի նախաքննության ընթացքում “սուտ ցուցմունքներ տալու համար ինչպես վերոնշյալ անձանց, այնպես էլ վաշտի հրամանատար Գ. Ուդումյանի նկատմամբ”:

Հիշեցնենք, որ Արտակի մահվան դեպքից անմիջապես հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատեց կամ քրեական պատասծանատվությունից հեռացրեց գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանին, թեև հայտնի էր, որ նա ծառայության ընթացքում հետևողականորեն ճնշումներ է իրականացրել Արտակի նկատմամբ:

Փաստաբանը կարևորել է գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանի (այժմ կալանքի տակ է) կողմից օգտագործված հեռախոսահամարների մայիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մուտքային եւ ելքային զանգերի, «SMS» հաղորդագրությունների վերծանումները, եւ «դրանց բաժանորդների վերաբերյալ տվյալները», սակայն նախաքննական մարմինը SMS հաղորդագրություններից արձանագրել է միայն տուժող Ա. Նազարյանի հեռախոսահամարից ուղարկված հաղորդագրությունը:

“Մանուկյանի հետ կապված այլ անձնանց հաղորդագրություններ արձանագրությունում չեն նշվում, մինչդեռ դա կարող էր լույս սփռել Մանուկյանի եւ գործով անցնող այլ մեղադրյալների եւ վկաների փոխհարաբերությունների վրա,- իր միջնորդության մեջ նշում է փաստաբանը` շարունակելով,- Ըստ գործի նյութերի, Ա. Նազարյանը սույն հաղորդագրությունն ուղարկել է Հ. Մանուկյանի հեռախոսահամարին, սակայն քննչական մարմինը չի դիմել եւ չի ստացել Մանուկյանի այս համարի վերծանումը՝ բավարարվելով հեռախոսի զննման արձանագրությամբ”:

Քանի որ հեռախոսի միջից հնարավոր է ջնջել ցանկացած զանգ, համար եւ հաղորդագրություն, փաստաբանը վստահ է, որ հեռախոսի զննությունը բավարար չէ տվյալ համարից եւ համարին կատարած զանգերի եւ հաղորդագրությունների ամբողջական պատկերը կազմելու համար:

“Առանց հեռախոսահամարի պատշաճ վերծանման, հնարավոր չէ ունենալ տվյալներ այդ հեռախոսահամարի հետ կապված անձանց մասին, ինչպես արվել է Հ. Մանուկյանի կողմից օգտագործված մյուս համարի դեպքում”, նշում է փաստաբանը:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել է կատարել Հ. Մանուկյանի հեռախոսի լրացուցիչ զննություն եւ արձանագրել դրանում առակա բոլոր ելքային եւ մուտքային SMS հաղորդագրությունների բովանդակությունը, ինչպես նաեւ Ա. Նազարյանի հեռախոսահամարի վերծանության եւ Հ. Մանուկյանի հեռախոսի զննման արձանագրությունում SMS հաղորդագրության տարբերվող ժամերը և ձեռք բերել 2010թ.-ի մայիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում բոլոր ելքային, մուտքային զանգերի, SMS հաղորդագրությունների վերծանությունները եւ դրանք կատարած կամ ընդունած բաժանորդների տվյալները:

Նույնը փաստաբանը միջնորդել է շտաբի պետ Մ. Նաջարյանի, գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանի եւ վաշտի հրամանատար Գ. Ուդումյանի կողմից դեպքին նախորդող և հաջորդող մեկ ամիս ժամանակահատվածում օգտագործված հեռախոսահամարների դեպքում, “ինչը էական նշանակություն կարող է ունենալ ճշմարտությունը բացահայտելու համար, մասնավորապես՝ կարող է լույս սփռել նոթատետրի պարտակման եւ հայտնաբերման հանգամանքների վրա”:

Արտակ Նազարյանի մահվան գործով նախաքննությունն ավարտվեց ՊՆ սկզբնական հայտարարած “ինքնասպանության” վարկածով և այդ վարկածով է մտնելու դատարան: Սա ՊՆ քննչական ծառայության քննած միակ գործը չէ, որ մահվան գործը որակվում է “ինքնասպանություն” և այդպես էլ մտնում դատարան: Այսինքն, մահվան գործի ելքը կանխորոշում է պաշտպանության նախարարության քննչական մարմինը, իսկ դատարաններին մնում է վավերացնել այդ որոշումները:

Ժաննա Ալեքսանյան

No comments: