Thursday, July 28, 2011

Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է հարգել Ղարաբաղի իրավունքը

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Լեհաստանի նախագահն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև ստորագրվել է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի և ԼՀ գլխավոր անասնաբույժի միջև` անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիր և Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության և օտարերկրյա ներդրումների գործակալության միջև` Փոխըմբռնման հուշագիր:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Լեհաստանի նախագահերի համատեղ մամուլի ասուլիսում:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեկ անգամ ևս ողջունում եմ Լեհաստանի Հանրապետության Նախագահ պարոն Կոմորովսկուն, նրա տիկնոջը և ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում:

Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք: Մենք Լեհաստանը դիտում ենք որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր և որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված բարեկամությունն արժանահավատ է և անխախտ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լեհական երկխոսությունը տարեցտարի զարգանում է և ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ: Նախագահ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան դիտում եմ որպես կարևորագույն քայլ այս ճանապարհին և մեր բարձր մակարդակի հարաբերություններն առաջ մղելու ու խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն:

Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, և նշեմ ամենակարևորը՝ վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք ցանկությունը և հանձնառությունը: Արձանագրվեց, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-լեհական փոխգործակցությանը նոր դինամիկա և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ: Ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են մեր երկկողմ շփումների շրջանակը` ավելացնելով դրանց շահառուների թիվը:

Առաջին հերթին ուշադրություն դարձրինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Այս առումով նշեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Ուրախ եմ, որ Նախագահ Կոմարովսկուն ուղեկցում է լեհ գործարարների պատվիրակություն: Հուսով եմ, որ նրանք Հայաստանում կգտնեն լավ գործընկերներ:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Արձանագրեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը: Հայ և լեհ ժողովուրդներն ունեն դարերի խորքը գնացող բարեկամություն, որը շարունակվում և նոր որակ է ստանում մեր ժամանակներում: Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները մշակութային և գիտակրթական կապերի զարգացման ոլորտում, այդ թվում` երիտասարդության միջև շփումների և փոխանակումների խրախուսման միջոցով:

Հանգամանորեն քննարկեցինք ԵՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները և Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին, որի համահեղինակներից և ակտիվ ջատագովներից է Լեհաստանը: Նախագահ Կոմորովսկու հետ նախանշեցինք մեր հետագա անելիքները վերը նշված ծրագրի շրջանակներում` ԵՄ-ում Լեհաստանի նախագահության և այս տարվա սեպտեմբերին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեքստում:

Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը, հակամարտություն, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման արդյունքում: Արձանագրեցինք, որ կազանյան հանդիպումից և՛ մեր, և՛ միջազգային հանրության սպասելիքները մեծ էին, բայց, ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը: Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի: Ուրախ եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Լեհաստանը Հայաստանի համար հանդիսանում է ավանդական բարեկամ երկիր, որի հետ մենք կարող ենք ազատ և հանգիստ քննարկել խնդիրներ և աջակցության հույս ունենալ:


No comments: