Saturday, July 16, 2011

Էրդողանը՝ PKK–ին. «Այլևս բարի կամք չենք դրսևորելու»

Tert.am. 16-7-2011- Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) թող այլևս չսպասի, թե Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ կդրսևորեն բարի կամք։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով նախորդ օրը PKK–ի զինյալների և թուրք զինվորների միջև տեղի ունեցած բախմանը։
«Մեր 13 զինվորների մահը մեծ ցավ է պատճառել մեզ։ Սակայն ահաբեկչական կամզակերպությունն ու նրա քաղաքական ճյուղավորումները պետք է շատ լավ իմանան, որ այլևս բարի կամք չենք դրսևորելու։ Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց պայքարը ժողովրդավարական դաշտում»,– ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում «այլևս գոյություն չունի քրդական հարց»։
«Ազգությամբ քուրդ իմ քաղաքացիներն այլևս ազգային փոքրամասնության կարգավիճակում չեն։ Իշխանության գալուց ի վեր 3 բան է մեզ հաջողվել՝ վերացրել ենք ժխտման քաղաքականությունը, վերացնում ենք նաև ուծացման քաղաքականությունը։ Եվ եթե ուշադիր եք եղել, ընտրություններից առաջ հայտարարել էի, որ այս երկրում քրդական հարց այլևս գոյություն չունի, գոյություն ունի PKK–ի խնդիրը։ Ազգությամբ քուրդ իմ քաղաքացիներն էլ խնդիրներ ունեն, որոնց լուծման համար մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել»,– ասել է Էրդողանը։

No comments: