Friday, July 8, 2011

Թուրքական Radikal-ը՝ հայ օլիգարխների մասին

News.am. 8-7-2011- Թուրքական Radikal պարբերականի տնտեսական գծով լրագրող, հայազգի Արամ Էքին Դուրանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությանն ու նրանում օլիգարխիայի դերին։
«Հարեւան Հայաստանում փակ սահմանի խնդիրը, Խորհրդային միության փլուզումից հետո, ջուր լցրեց օլիգարխների ջրաղացին։ Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնում են մոտ 40 օլիգարխ՝ աշխատելով միլիարդավոր դոլարներ։ Այդ օլիգարխները թույլ չեն տալիս, որ Հայաստանում զարգանա փոքր ու միջին բիզնեսը։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշում է, որ ամեն օր Թուրքիայից Վրաստանի միջով Հայաստան է մտնում 100 բեռնատար (TIR)։ Սակայն Թուրքիան հայկական համարանիշերով բեռնատարներին թույլ չի տալիս մտնել իր երկիր։ Թուրքիան թույլատրում է միայ 17 հոգուց պակաս նստատեղ ունեցող միկրոավտոբուսների եւ մարդատար մեքենաների մուտքը։
Հայաստանում սկսած շինարարականից մինչեւ հանքագործության համար հայտարարվող տենդերները հաղթում են օլիգարխներին պատկանող ընկերությունները։ Ընդդիմադիր «Հայ հեղափոխախական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Կիրո Մանոյանը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 131 տեղ ունեցող խորհրդարանում կան 40 օլիգարխներ։ Մանոյանը շեշտել է, որ ներկայիս ընտրական համակարգը թույլ է տալիս, որ օլիգարխներն անընդհատ ընտրվեն։
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ հայ-թուրքական փակ սահմանը Ռուսաստանի եւ հայ օլիգարխների օգտին է։ «Երկաթգիծը, հանքերը եւ էներգետիկան գտնվում են Ռուսաստանի ձեռքին։ Եթե սահմանը բացվի, հայ օլիգարխների ուժը կկոտրվի»,-նշում է Կիրակոսյանը»,-գրել է իր հրապարակման մեջ Radikal-ի թղթակիցը։

No comments: