Saturday, July 16, 2011

The Washington Post–ը տպագրել է Ադրբեջանի դեսպանի նամակը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

Tert.am. 16-7-2011- Ամերիկյան The Washington Post պարբերականը տպագրել է իր խմբագրություն ուղարկված՝ ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նամակը։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, ադրբեջանցի դեսպանն այդ նամակը գրել է ի պատասխան օրեր առաջ պարբերականում լույս տեսած Ուիլ Ինգլունդի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակման։
«Հրապարակման մեջ ներկայացվում է խնդրի առնչությամբ Հայաստանի մեկնաբանությունը, այսինքն՝ «Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին»։ Սակայն փաստացիորեն այդ որոշմամբ Լեռնային Ղարաբաղը պարզապես մնում էր Ադրբեջանի կազմում։ Հոդվածում որևէ բան չի նշվում ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների, Ադրբեջանի տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերումը պահանջող ՄԱԿ–ի բանաձևերի, ադրբեջանցիների դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ Խոջալուի կոտորածների մասին»,– իր նամակում նշել է ադրբեջանցի դիվանագետը՝ ավելացնելով. «Դրա փոխարեն հոդվածում գովազդվում է Հայաստանի կողմից ստեղծված ապօրինի անջատողական ռեժիմը»։
«Այնուհետև հուլիսի 8-ին լույս տեսած «Լեռնային Ղարաբաղը ցանկանում է նստել բանակցային սեղանի» շուրջ վերնագրված հոդվածում Ուիլ Ինգլունդը չի նշում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կազմված է երկու համայնքից՝ հայկական և ադրբեջանական։ Հուսով ենք, որ ապագայում The Washington Post հավասար ուշադրություն կհատկացնի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը»,– գրել է Յաշար Ալիևը։

No comments: