Saturday, August 27, 2011

ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՍԱՄԱՍՏԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ, 1915-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ «ԱԿՕՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 27-08-2011- Կանադայում գործող «Զորյան ինստիտուտի» նախագահ Գրեգ (Գուրգեն) Սարգիսյանի հետ 2002 թվին Հրանտ Դինքի վարած հարցազրույցից 9 տարի անց թուրք լրագրողուհի Էզրա Էլմասը դարձյալ հանդիպել է նրան եւ երկար հարցազրույց տպագրել «Ակօս» շաբաթաթերթի 2011 թվի օգոստոսի 18-ի համարում:
Դինքի սպանությանը նախորդող ժամանակաշրջանի, հայերի համար նրա սպանության նշանակության, Սամաստի դատավարության գործընթացի, ցեղասպանության հարցին Հայաստանում, Թուրքիայում, Սփյուռքում ապրող հայերի վերաբերմունքի, ինչպես նաեւ «Զորյան ինստիտուտի» հիմնադրման նպատակների եւ այլ հարցերի մասին երկխոսության հրապարակումը Թուրքիայում «ուշագրավ երեւույթ» է որակել «Զորյան ինստիտուտից» ստացված հաղորդագրությունը, քանի որ արտահայտված գաղափարները «մարտահրավեր են երկրում ընդունված գաղափարախոսությանը»:
Հաշվի առնելով, որ մեր ընթերցողները առավել կամ նվազ չափով ծանոթ են Դինքի սպանության, չարագործի դատավարության հանգամանքներին, ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք միայն հատվածներ այդ հարցազրույցից, որն անցկացվել է անգլերեն լեզվով: Ավելացնենք միայն, որ լրագրողուհին Տորոնտոյում «Զորյան ինստիտուտին» կից գործող «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի» շրջանավարտներից է եւ այժմ պատրաստվում է Ստամբուլի Գալաթասարայ համալսարանում ստանալ քաղաքագիտության դոկտորի աստիճան:

Էլմաս.- Ի՞նչ նշանակություն ունի Դինքի սպանությունը հայերի համար:
Սարգիսյան.- Բազմաբովանդակ հարց է, որին ժամեր, գուցեեւ օրեր են պետք պատասխանելու, բայց, կարճ ասած, Դինքը զոհ գնաց ցեղասպանության վերաբերյալ երկրի քաղաքականությանը: Թե ինչո՞ւՙ վերհիշենք վարչապետ Էրդողանի հայտարարությունը այդ առթիվ. նա ասաց. «Որպես թիրախ Դինքի ընտրությունը խոր մտքեր է հարուցում (հատկապես մեր օրերում), երբ այսպես կոչված հայերի ցեղասպանության վերաբերյալ նոր ակտիվություն է նկատվում որոշ օտար պետություններում»:
Նա Դինքի սպանությունը կապեց «այսպես կոչված հայերի ցեղասպանության հետ»: Նրա այդ ակնարկը առաջ բերեց «1.500, 001-րդ զոհի» կարգախոսը:

- Ինչի՞ հետեւանքով ստեղծվեց «Զորյան ինստիտուտը»:
- Հիմնարկության պաշտոնական անվանումըՙ «Ժամանակակից հայկական ուսումնասիրությունների եւ փաստագրության Զորյան ինստիտուտ», ինքնին բնութագրում է, թե ինչ գործունեություն է ծավալվում այնտեղ: Ժամանակի ընթացքում նոր բաժիններ ավելացան, ինչպես օրինակՙ «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների միջազգային ինստիտուտը», «Սփյուռքի ոսումնասիրությունների կենտրոնը» եւ այլն: Անձամբ ինձ ինքնության հարցն է կապում ինստիտուտին: Ծնողներս Անատոլուից էին, ցեղասպանությունից մազապուրծներ: Մեծացել եմ, բնականաբար, այդ տեղանքի ավանդույթներով, բայց ինքս ծնվել եմ Բեյրութում եւ կրում եմ նաեւ լիբանանյան մշակույթի ազդեցություն: Հետագայում Ամերիկա գաղթելով եւ համալսարան հաճախելով զգացի, որ թեեւ անգլերենը դարձել էր հարազատ, այդուհանդերձ ես անգլո-ամերիկացի չէի: Ուրեմն, ո՞վ էի, որո՞նք էին իմ արմատները: Սկսեցի փորփրել ինքնությունս, հարող պատմությունը, ծնողներիս ծննդավայրը եւ այդ բոլորը հանգեցրին «Զորյան ինստիտուտի» հիմնադրմանը:

- Ուրեմն դա անձնակա՞ն դրդապատճառներ ուներ: Ի՞նչ է նշանակում այդպիսի ընտանիքի զավակ լինելը:
- Երեւանում 1995 թվին կայացած «Ցեղասպանության խնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ես խոսեցի առաքինի մի թուրքիՙ պապիս գործընկերոջՙ Հաջի Խալիլի մասին, որը խոստացել էր մեծ հորս` հոգ տանել ընտանիքին որեւէ դժբախտության դեպքում: Երբ օսմանցիները պապիս կախաղան բարձրացրին եւ հայերի տեղահանություններն սկսվեցին, նա, պահելով իր խոստումը, մոտ մեկ տարի իր տան վերեւի հարկում թաքցրեց մորս ծնողների յոթ հոգուց բաղկացած ընտանիքինՙ ստեղծելով բոլոր պայմանները նրանց ապահովության համար: Հորս ծնողների պատմությունն ավելի տխուր է: Հայրս որբացել էր ութ տարեկանում: Հորը կախել էին, իսկ մորը բռնաբարելուց հետո սպանել: Ընտանիքի 9 երեխաներից ինքն ու երկու եղբայրներ միայն ողջ էին մնացել: Այնպես որ Հաջի Խալիլի նման մարդկանց հիշատակը նույնպես նպաստեց, որ ինստիտուտը հիմնադրվի:

- Իսկ ինչպե՞ս են վերաբերվում այդ հարցերին ձեր զավակները: Կապ ունե՞ն անցյալի հետ, պաշտպանո՞ւմ են ինստիտուտի գործունեությունը:
- Այդ հարցերին զավակներս իրենք են պատասխանել: Հայկը, 22 տարեկան, նշում է. «Որպես հայի զավակ մենք տեղյակ ենք ցեղասպանության ուսումնասիրություններին եւ մարդու իրավունքներին առնչվող հարցերին: Դեպքերից երկու սերունդ անց ծնված լինելով միգուցե մի փոքր հեռացած ենք այդ խնդիրներից, բայց շնորհիվ այն հպարտության, որ զգում ենք որպես հայ, եւ մանավանդ հասկանալով, որ ինչքան է մեր ժողովուրդը տառապել, մենք եւ հուսով ենք, որ այս հարցը իր լուծումը կստանա, եւ Հայաստանը կկարողանա առաջընթաց ապրել»:
Իսկ ահա թե ինչ է գրում 18-ամյա Ալեքսը. «Այո, կապված ենք ե՛ւ մեր անցյալին, ե՛ւ «Զորյան ինստիտուտին»: Ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ մեր ընտանիքի պատմության ծավալուն մասն է, եւ ո՞վ գիտի, արդյո՞ք ես Կանադայում ապրելիս կլինեի այսօր, եթե չլիներ ցեղասպանությունը»:

- «Մարդու իրավունքերի եւ ցեղասպանության ուսումնասիրության» համալսարանական երկշաբաթյա ծրագրին հնարավո՞ր է որ մասնակցեն երկու հակառակորդ կողմերի ներկայացուցիչներ: Երբեւէ խնդիրներ ունեցե՞լ եք այդ առնչությամբ:
- Եթե նկատի ունեք ցեղասպանությունը գործող եւ դրանից տուժող կողմերի ներկայացուցչիներին, ասեմ, որ այո՛, ունեցել ենք թութսիներ եւ հութուսներ, հայեր եւ թուրքեր, հրեաներ եւ պաղեստինամետ մասնակիցներ: Բոլոր ուսանողներն էլ լսարան են մտնում սկզբնական շրջանում որոշ նախապաշարմունքերով, բայց այդ նախապաշարմունքները մեկը մյուսի հետեւից «փշրվում» են ժամանակի ընթացքում: Տասից տասներկու պրոֆեսորներ նպաստում են դրանՙ բարձրացնելով նրանց գիտակցությունը: Վերջում նրանք բոլորն էլ խոսում են միեւնույն «լեզվով»: Եվ դա մեր դասընթացի հաջողությունն է: Մենք փորձում ենք զգացական ոլորտից նրանց բարձրացնել մտավորական ոլորտը, որտեղ նրանք պետք է միմյանց հետ խոսեն որպես մարդկության եւ ոչ թե այս կամ այն ճամբարին պատկանող ներկայացուցիչ:
Ավելացնեմ, որ «Զորյան ինստիտուտը» զուտ հայկական հիմնարկություն չէ: Մեր վարչության նախագահը ամերիկացի Ռոջեր Սմիթն է: Պրոֆեսորների թվում են Յաիր Օրոնըՙ Իսրայելից, Վոլֆգանգ Գասթըՙ Գերմանիայից, Թաներ Աքչամըՙ Թուրքիայից, նշելու համար պարզապես մի քանիսին:

- Ինչպե՞ս եք գնահատում որոշ թուրքերի ապրիլի 24-ի առիթով հայերին զորակցելու, ուրիշներիՙ հայերից ներողություն խնդրելու արարքները:
- Այդ բոլորը շատ ողջունելի են, բայց պաշտոնական հաշտեցումը կկայանա այն ժամանակ, երբ թուրքական կառավարությունը ընդունի 1915-ի պատմական ճշմարտությունը եւ ազատի իր քաղաքացիներին այդ ծանր բեռից: Պատմությունը միշտ էլ խոչընդոտներ կարող է ստեղծել խաղաղության ճանապարհին, եթե նրան չմոտենանք ճշմարտացիորեն: Առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման: Իսկ մինչեւ հաշտեցում Թուրքիան պետք է անցնի չորս կարեւոր փուլեր. ա) մեղքի ճանաչում եւ պատասխանատվության ընդունում, բ) զղջման անկեղծ արտահայտություն, գ) ներողության հայց, դ) ոճրին համապատասխան բարեփոխումներ (փոխհատուցում), որոնք ընդունելի կլինեն տուժող կողմի համար:

- Բացի պետական մոտեցումիցՙ հասարակ մարդիկ Թուրքիայում եւ Հայաստանում դեռեւս պահպանում են ազգայնական իրենց դիրքորոշումը եւ օտարում են միմյանց: Որո՞նք են պատճառները:
- Կրթությունը շատ կարեւոր է: Երկու երկրները պետք է իրար հանդեպ նոր հայեցակարգ ունենան: Բայց դեռեւս բացակայում են վստահություն ձեւավորող միջոցները: Հայաստանն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կոչ է անում Թուրքիային, մինչդեռ վերջինս ոչ մի քայլ չի անում եւ շարունակում է փակ պահել սահմանը: Թուրքիան պետք է գործի իր շահերից ելնելով եւ չկապի Հայաստանի հետ հարաբերությունները Ադրբեջանի շահերի հետ: Սոցիալ-տնտեսական մակարդակով փոխհամագործակցությունը կարող է զարգանալ միայն բարի կամքի դրսեւորման եւ ժխտական կարծրատիպերի քանդման միջոցով: Նաեւ Թուրքիայում խոսքի ազատության խոչընդոտների վերացման միջոցով: Հայաստանը պատրաստ է օգնելու, որ օտարացման գործընթացը հաղթահարվի: Մեր երկրների աշխարհագրական դիրքն է թելադրում մեր ճակատագիրը: Մենք պատմությանը պետք է մոտենանք ճշմարտացիորեն եւ գտնենք միասնաբար խաղաղ ապրելու ուղիները:
Թարգմ. Հ. Ծ.

No comments: