Saturday, August 27, 2011

Արման Մելիքյան. ՀՀ իշխանությունները պետք է պաշտոնապես ճանաչեն իրենց սխալը Արձանագրությունների հարցում

PanARMENIAN.Net - 26 օգոստոսի 2011 - Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնական հայտարարությամբ ճանաչեն, որ Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների միջոցով մասնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին սխալ էր, և վերջակետ դնեն այդ գործընթացում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով Թուրքիայի նոր խորհրդարանի օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունների բացառումը: «Մինչ այդ բավական էմոցիոնալ տոնայնությամբ հայտարարություններ եղան, թե մենք նրանց հավատացինք, իսկ նրանք մեզ խաբեցին: Դրանք մանկական խոսակցություններ են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քաղաքականության հետ»,- նկատել է Մելիքյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանին հստակ քաղաքականություն է հարկավոր ինչպես ղարաբաղյան հիմնահարցում, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերություններում, «ինչն առայժմ չկա, և դրա նախադրյալներն էլ չեն նշմարվում, քանի դեռ մեր իշխանության համակարգը նման դրության մեջ է»: Նա հավելել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները վկայությունն էին այն բանի, որ Հայաստանն այդ հարցում, ինչպես և շատ այլ հարցերում, սեփական դիրքորոշում չունի: Մելիքյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերություններն անպայման պետք է կարգավորվեն, «բայց ոչ այդ օրակարգով»: Մինչդեռ այժմ, նրա կարծիքով, թուրքական կողմը հասել է իր նպատակին` Հայաստանից վստահեցումներ ստանալով այն հաշվով, որ Երևանը Ցեղասպանության և սահմանների հարցում խնդիր չունի: «Դա միանգամայն բավարար արդյունք է Թուրքիայի համար այս փուլում»,- նկատել է Մելիքյանը:
Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները:
Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:
2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

No comments: