Monday, August 8, 2011

Ինչ անի Խաչատուրովը – 2

«Լրագիր» 8-8-2011- Հայկական մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը սպայական մի հավաքի ժամանակ հայտարարել է, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Ղարաբաղն էլ պետք է Ադրբեջանի կազմում ստանա ինքնավարություն: Նա ակնարկել էր նաեւ, որ ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է:
Այս հայտարարություններն, ըստ մամուլի, Խաչատուրովն արել է հուլիսի 11-ին: Դրանց նախորդել էր Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ-ում ունեցած աղմկահարույց ելույթը եւ հարցուպատասխանը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կունենա:
Ի՞նչ պետք է աներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որը փաստացի զինված ուժերի ղեկավարն է: Նա պետք է ենթարկվի ու կրկնի իր գերագույն գլխավոր հրամանատարին: Ով ով, բայց Խաչատուրովը թերեւս լավ գիտի բանակի ներկայիս վիճակը: Չէ որ նրա իրավասության տակ են մատակարարումները, սպառազինությունը, մարտական պատրաստականությունը: Չէ որ նա բոլորից լավ գիտի, որ բանակն այսօր դարձել է գեներալների անձնական “բոստանը”, որտեղ զինվորը փաստացի չի ստանում անհրաժեշտ կալորիաները եւ զինվորական հմտություններ, որտեղ կանոնադրական հարաբերությունների փոխարեն իշխում է գողական օրենքը, տեղի են ունենում “ինքնասպանություններ”, որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, փոխարենը բանակի վերնախավն անզուսպ հարստանում է “բանակային” ու հարակից բիզնեսների հաշվին:
Մեկ այլ ճանապարհ էլ ունի Խաչատուրովը` հրաժարական: Հրաժարական ներկայիս վիճակի համար, որը հանգեցրել է հայրենիքը հանձնելու համոզման: Պատկերացնո՞ւմ եք` արժանապատիվ սպայի արժանապատիվ քայլ: Սակայն, ոչ միայն բանակի, այլեւ պետության ողջ վերնախավին տրված չէ արժանապատիվ ճանապարհը:

No comments: