Tuesday, August 30, 2011

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ Երեքշաբթի, 30 Օգոստոս 2011 09:28 Գրել է Արիման

«Ո՛չ, ախոռը, ուր անասունները կուտեն եւ կը պառկեն` հայրենիք չէ»:
ԼԱՄԸՆԷ

Բnaban.amղ 30-8-2011- Հայրենասիրութի՛ւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի: Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում` բնազդական, զարգանալով` նա դառնում է իմացական` ոգիանում է նա: Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում` նա գիտակցօրէ՛ն կատարում է մի պարտականութիւն: Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում` նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած` նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը: Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում` նրանց պակասի պատճառով: Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին` առանց հոգու:
Դա մայրն է - իր նման փրկարար - մի շարք առաքինութիւնների`գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան: Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը: Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ,այլ` նրանց հրամայողը: Այդպիսին սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չի զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը` վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը: Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում` նրա հետ: Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք` աւելի՛ քան բոլորը:
Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք:

Գարեգին Նժդեհ
Էջեր իմ օրագրեն

No comments: