Wednesday, August 3, 2011

Հայ փորձագետ. Առանց Հայաստանի Վրաստանը կդառնա թուրք- ադրբեջանական տանդեմի մանրադրամ

Tert.am. 3-8-2011- Առանց Հայաստանի Վրաստանը կդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի մանրադրամ: Նման կարծիք է արտահայտել քաղաքագիտական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը օգոստոսի 3-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխաել Սահակաշվիլու վերջին հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի եւ Վրաստանի ցանկացած ընդդիմադիր հանդիսանում է ընդհանուր թշնամի», քաղաքագետը նշել է, որ նման պահվածքը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված ճնշումից դիվիդենտներ շահելու փորձ: Դրանով է հենց բացատրվում Վրաստանում Ամենայն հայոց կաթողիկոսին ցուցաբերված ընդունելությունը: «Նրան ընդունել են որպես «սոմխեթի»` հայ, իրենց ոչ հավասար»,-կարծում է Շիրինյանը:
«Վրաստանը պետք է հիշի, որ տարածաշրջանում Հայաստանը միշտ էլ իր վրա է վերցրել առաջին հարվածը, իսկ Վրաստանը, խաղամիավորներ է շահել` գնահատականների ձեւավորման եւ իրադրությունը իր օգտին դասավորելու համար»,-նշել է փորձագետը: Դրա հետ մեկտեղ, նա հավելել է, որ Վրաստանում հայկական գործոնը պետք է առաջ ընթանա պաշտոնական Երեւանի կողմից:
«Այժմ, ինչ-ինչ ենթադրություններից ելնելով` այդ գործոնը գրեթե ամբողջապես լռեցվել է: Սակայն պետք է ապրել քաղաքական իրականությամբ, ոչ թե դրանց վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումներով: Վրաստանը հենց նման քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, այսպես` 1918-1920 թթ. Վրաստանը ցանկացած գնով ցանկանում էր օգտագործել ոչ վաղ անցյալում Ցեղասպանություն վերապրած Հայաստանի ծանր իրադրությունը` փորձելով յուրացնել ցարական Ռուսաստանից մնացած ֆինանսական եւ տնտեսական հնարավորությունները: Գործը նրան էր հասել, որ ծանր տարիներին Վրաստանը փակել էր դեղորայքների մուտքը Հայաստան: Այդ քաղաքականության սկզբունքները վերջին տասնամյակում չեն փոփոխվել»,-համոզված է Շիրինյանը:

No comments: