Monday, August 15, 2011

ԱՄՆ նախագահի կին թեկնածուն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

«HayNews.am», 15.08.2011: Շաբաթավերջին Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Այովա նահանգում առաջին նախնական քվեարկությունն են անցկացրել՝ 2012 թվականի նախագահի իրենց թեկնածուին որոշելու շուրջ. պայքարի դուրս եկած մոտ մեկ տասնյակ թեկնածուների շարքում առավելագույն ձայներ է հավաքել Կոնգրեսի անդամ Միշել Բաքմանը, ով ավելի վաղ քանիցս աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
2006 թվականից ի վեր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո, մասնավորապես, Միշել Բաքմանը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերից մեկի համահեղինակը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ուղերձներում «որպես ցեղասպանություն բնորոշել 1.5 միլիոն հայերի սպանդը» եւ հիշատակել այդ ցեղասպանությանը ընդդիմանալու ԱՄՆ փորձերը:
Բացի այդ, 2009 թվականին Բաքմանը նաեւ համաձայնություն է հայտնել փաստաթղթին, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնել պաշտոնական քաղաքականություն եւ երաշխավորել այս հարցի նկատմամբ համարժեք վերաբերմունքն ու դիրքորոշումը ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառում:
Հանրապետական կուսակցությունից նախագահ դառնալու հայտ են ներկայացրել նաեւ մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ու Տեխասի նահանգապետ Նիկ Փերին: Թե նրանցից որին կընտրեն հանրապետականները՝ պարզ կդառնա պաշտոնական «միջանկյալ ընտրությունների» արդյունքում, որոնք կմեկնարկեն 2012թ. փետրվարին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են 2012թ. նոյեմբերին։

No comments: