Wednesday, August 31, 2011

Մեծ ցուցադրություն՝ նվիրված Ցեղասպանության մասին առաջին ֆիլմին. Հայկ Դեմոյան

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում այս տարի նախատեսվում է երկու խոշոր միջոցառում: Հոկտեմբերի սկզբին նախատեսվում է կազմակերպել Ամերիկայի Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի 190-ամյակին նվիրված միջոցառում, բացի այդ, ևս մեկ միջոցառում կլինի՝ նվիրված Իզմիրի (Զմյուռնիա) աղետին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Այս կինը հայտնի է նրանով, որ 74 տարեկանում 1895 թ. Բոստոնից եկավ Թուրքիա՝ օգնելու Համիդյան ջարդերից փրկված հայերին»,- ասաց Հ.Դեմոյանը՝ նշելով, որ միջոցառման շրջանակում հուշապատի մեջ կամփոփվի Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողը:
Նա տեղեկացրեց նաև, որ նոյեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կկազմակերպի մեծ ցուցադրություն և դասախոսություն՝ նվիրված Ցեղասպանության մասին առաջին ֆիլմին: «Այս տարի ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Ավրորա Մարտիկանյանի հոբելյանն է: Ցուցադրությամբ ուզում ենք ենք նշել, որ սա Հայոց ցեղասպանության թեմայով 1918թ. նկարահանված ոչ միայն առաջին համր գեղարվեստական ֆիլմն է, այլև հայ կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմը»,- ընդգծեց Հ.Դեմոյանը՝ շեշտելով, որ հասարակությունը քիչ տեղեկություններ ունի այս ֆիլմի մասին ու ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն կնձեռի խոսել ֆիլմի մասին:
Նա իր խոսքում նշեց նաև, որ այս տարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կմասնակցի նաև Անիի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին, մինչև տարեվերջ կհրատարակվի շուրջ 5 անուն գիրք:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում հաջորդ տարի կայանալիք մյուս միջոցառումներին, ապա Հ.Դեմոյանը հայտնեց, որ ներկայում աշխատանքներ է իրականացվում 2 խոշոր միջոցառման շուրջ՝ մեկը նվիրված տպագրության 500-ամյակին, մյուսը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:
«Տարին կբացվի 2012 թ. ապրիլի 23-ին, իսկ հաջորդ օրը թանգարանում կլինի «Գիրքը որպես վկայություն» խորագրով սկզբնաղբյուրային մեծ գրականության ցուցադրություն»,- հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

No comments: