Wednesday, August 31, 2011

ԱՄՆ դեսպանատունը դասակարգում է հայկական թերթերը և ուշադիր կարդում բոլորը. Wikileaks

HayNews.am. 31-8-2011- Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն ուշադիր հետևում է տեղական թերթերի արձագանքներին: Մասնավորապես, այս մասին տեղեկանում ենք WikiLeaks-ի հերթական բացահայտումների շարքից:
Երևանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգթոն ուղարկված գաղտնի փաստաթղթում դեսպան Մարի Յովանովիչը մանրամասն տեղեկացնում է իշխանական և ընդդիմադիր թերթերի` Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի Միացյալ Նահանգներ կատարած այցի արձագանքների մասին: Փաստաթուղթը թվագրվում է 2009 թվականի դեկտեմբերի 14-ին:
Երևանում Յովանովիչի կողմից կազմված զեկույցում նշվում է, որ «հայկական ընդդիմադիր և իշխանական թերթերը խիստ վրդովմունքով են ընդունել վարչապետ Էրդողանի` ԱՄՆ-ում հնչեցրած խոսքերը»:
Փաստաթղթում արձանագրվում է, որ «Էրդողանի հայտարարությունները զգալի վատատեսական տրամադրություն են փոխանցել հայկական թերթերին»:
«Հայկական թերթերը վատատեսորեն են տրամադրված Էրդողանի այն խոսքերի կապակցությամբ, որով վերջինս ասում էր, թե հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կախված է Արցախյան հիմնախնդրի լուծումից»,-նշված է փաստաթղթի նախաբանում:
Այնուհետև ամերիկացի դիվանագետները հայկական մամուլը բաժանում են ընդդիմադիր և իշխանական թևերի ու մանրամասն անդրադառնում նրանցից յուրաքանչյուրին` ընդհանուր նշելով, որ հայկական տպագիր մամուլը բացասական է որակում Թուրքիայի վարչապետի խոսքերը:
«Իշխանական թերթերի» շարքում Յովանովիչը նշել է «Հայոց Աշխարհին» և ռուսերենով հրատարակվող «Գոլոս Արմենիին», որոնք բավական խիստ են ընդունում Էրդողանի խոսքերը:
«Ընդդիմադիր թերթերի» շարքում առանձնացվել է «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հոդվածը: «Ընդդիմադիրների» շարքից մեջբերված է նաև «168 Ժամի» արձագանքը:
«Կենտրոնամետ» որակավորում ստացված «Առավոտ» թերթում ներկայացվում է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածը, որում նշվում է, թե Վաշինգթոնը երբեք չի վնասի իր հարաբերություններն Անկարայի հետ` հանուն Երևանի:
Նամակում առանձնացված են նաև «Ազգ» և «Հայաստանի Հանրապետություն» պարբերականները, որոնք, սակայն, պիտակներ չեն ստացել:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև հայկական հեռուստաընկերություններին, որոնք «թեև լուսաբանել են Էրդողանի այցը, սակայն քիչ մեկնաբանություններ են արել»: «Լավատեղյակ մի լրագրող էլ մեզ փոխանցել է, որ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը հրահանգել է հեռուստակայաններին դադարեցնել ամբողջական հեռարձակումը»,-նշված է Յովանովիչի նամակում:
Փաստաթղթի վերջաբանում նշվում է, որ Էրդողանի հայտարարությունները կասկածներ են ծնում հասարակության շրջանում, կառավարությունն ընդունում է պաշտպանողական կեցվածք, իսկ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանը հայտարարում է, թե թուրքական կողմն արձանագրություների նախապատրաստման փուլում նախապայմաններ չի առաջադրել»:
Նամակի վերջում Յովանովիչի ստորագրությունն է:

No comments: