Wednesday, August 31, 2011

Ինչո՞ւ ԼՂ-ն միացման որոշումն անտեսեց ու հռչակեց անկախություն. քաղաքագետի պարզաբանումը

Tert.am. 31-8-2011- Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ վերջին մի քանի հազար տարվա մեջ հետ բերեցինք մեր կորցրածը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի մասին, հայտարարեց քաղաքագետ, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը՝ ավելացնելով, որ առօրյա վայրիվերումներում մենք հաճախ մոռանում ենք ԼՂ անկախության հռչակման պատմական նշանակության մասին:
«Քսաներորդ դարը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև երկու հայկական պետությունների պետականության ձեռքբերման դարն է»,- հայտարարեց նա: Քաղաքագետի խոսքով՝ ԼՂ անկախության ձեռքբերումը կապված էր աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների հետ:
Ինչպես նշեց Մանասյանը, 1988թ. մենք ոտքի էինք կանգնել միացման համար, բայց մինչ Հայաստանում տեղի կունենար ՀՀ անկախության հանրաքվեն, առաջ անցնելով Հայաստանից, ԼՂ-ում առաջինը հռչակեցին անկախություն՝ անտեսելով ավելի վաղ ընդունված միացման որոշումը: «Սա հարց է, որը հաճախ չի քննարկվում..., բայց ԼՂ-ում զգուշացված էին, որ Հայաստանն անկախանալու է առանց Արցախի:
Հայաստանի առաջին նախագահը տեղեկացրել էր Արցախի ղեկավարությանը, որ Հայաստանի անկախությունը հռչակվելու է Խորհրդային Հայաստանի սահմանում: Այն ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արդեն տեղեկացված ու զգուշացված էր, որ Արևմուտքը Խորհրդային միության պետությունները ճանաչելու է իրենց Խորհրդային սահմաններում»,- հայտարարեց Ալեքսանդր Մանասյանը:
Քաղաքագետի խոսքով՝ թվում է, թե այդ պայմաններում այլընտրանք չկար, սակայն, ըստ նրա, օրինակ, կարելի էր անել այնպես, որ ԼՂ-ն անկախություն հռչակեր՝ անջատվելով Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ինչը դրական կազդեր քաղաքական ընկալման և քարոզչական կերպարի վրա:
Ըստ նրա՝ անցած քսան տարիները փորձության տարիներ էին թե ԼՂ-ի, թե ՀՀ դիվանագիտության համար: «Այնպես չէ, որ այդ տարիներին մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»,- ասաց նա՝ սխալներից մատնանշելով այն, որ, օրինակ, հայկական կողմը արհեստականորեն նպաստեց նրան, որ Ադրբեջանը խոսի, թե փոխվել է բանակցային ֆորմատը:
«Այն, որ այսօր ԼՂ-ն չճանաչված պետություն է և գոյատևում է, նույնիսկ, կարելի է ասել, զարգանում է որպես ժամանակակից պետություն, դա կարելի է համարել որպես մեր դիվանագիտության ձեռքբերում»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը՝ շեշտելով, որ հայկական դիվանագիտությունը պետք է կարևորի քարոզչության կարևորությունն այս գործընթացում:

No comments: