Panorama.am. 23-8-2011- Օգոստոսի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, որոնք երկօրյա ճանաչողական այցով ժամանել են Արցախի խորհրդարանի հրավերով։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:Պատվիրակության կազմում են եղել ֆրանսիական խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ՝ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն (Guy Teissier), սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Վալերի Բուայեն (Valerie Boyer), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն (Jacques Remiller) և սոցիալական հարցերի հանձնաժողովի քարտուղար Ժորժ Կոլոմբիեն (Georges Colombier)։
Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը նրանց շնորհակալություն է հայտնել այցի հրավերն ընդունելու և Լեռնային Ղարաբաղ ժամանելու համար։ Ա. Ղուլյանի խոսքերով, անչափ կարևոր են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ վերջին տարիներս ձևավորված մեր հարաբերությունները և այդ շրջանակներում պարբերաբար տեղի ունեցող փոխայցելություններն ու հանդիպումները, որոնց կազմակերպման գործում մեծ է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ողջ կազմի դերակատարությունը։ ԱԺ նախագահի ընդգծմամբ, անդամագրված են պատգամավորներ, ովքեր բարձր են գնահատում հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունն ու նրա դարեր ի վեր պահպանվող ավանդույթները։
Մեզ համար Հայաստան այցելել՝ նշանակում է մեր բարեկամությունը ցուցաբերել այդ երկրի նկատմամբ, այցելել Ղարաբաղ՝ նշանակում է ցուցաբերել մեր համերաշխությունը ձեր երկրի հետ, իր հերթին՝ շնորհակալություն հայտնելով սիրալիր հրավերի ու ջերմ ընդունելության համար, նշել է պատվիրակության ղեկավար Գի Տեսիեն, ընդգծելով, որ իրենք պաշտպանում են բոլոր այն ժողովուրդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ովքեր պայքարում են ինքնիշխանության հասնելու համար։ Նա ընդգծել է, որ իրենց բարոյական պարտքն է աջակցել, որպեսզի պատմա-էթնիկական առումով հայկական այս տարածաշրջանը հետայսու ևս մնա այդպիսին։
Զրույցի ժամանակ նաև շոշափվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ներկա զարգացումներն ու տեսանելի հեռանկարները:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների անդամներ՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, Ֆրանսիայում և Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչներ Հովհաննես Գևորգյանը և Կառլեն Ավետիսյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment