Monday, August 15, 2011

Ինչո՞ւ եք արդարացնում ոստիկանապետին

«Lragir.am», 15.08.2011: Առնվազն տարօրինակ կարելի է գնահատել ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի այն դիրքորոշումը, թե ոստիկանապետին կրկին սխալ են զեկուցել դեպքերի մասին, այլապես, եթե նա ճշտած լիներ, հերքման այլ ձև կգտներ: Թե ինչպես և ինչու է այս հետևությանը հանգել Մուսինյանը` միայն իրեն է հայտնի:
Մի կողմից, Մուսինյանը խոսում է ոստիկանական բաժանմունքում Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների մասին, որոնք աննախադեպ են նույնիսկ մարտի 1-ի գործով ձերբակալությունների համեմատ, մյուս կողմից ասում է ոստիկանապետն “իրողությանը” տեղյակ չի եղել: Այս մոտեցումը, թե “ինքը” չի իմացել, առավել տարածված է քաղաքական միջավայրում, առավելևս երկխոսության ֆոնի վրա: Ստացվում է, որ երկխոսություն կոչվածը ինքնանպատակ է և ավելին, քան խոշտանգված երիտասարդները:
Կոնգրեսն ասում է, թե երկխոսությունը ծառայում է և ծառայելու է մարդուն ու ժողովրդին: Ու հիմա մենք ականատես ենք դառնում, թե ինչպես է ծառայում:
Մարդուց ավելի թանկ բան չկա, և որևէ երկխոսություն չի կարող ավելին լինել, քան մարդը, կամ որքան կարող են այդ տղաները թիրախ դառնալ քաղաքական անհաջող գործընթացների համար: Ինչպես ասում են, սա երկխոսության առաջին ծաղիկներն են, իսկ պտուղները հետո կլինեն:
Բռնություններով առաջնորդվելը ոստիկանության առօրյան է և որևէ գործընթաց չի կարող ոստիկանությանը շեղել իր որդեգրած ուղուց: Մի պահ ընդունենք, թե սխալ են զեկուցել ոստիկանապետին, բայց դու խոսում ես աննախադեպ բռնության մասին` սա ինչ կապ ունի տեղյակ լինելու կամ հերքման այլ ձև գտնելու հետ: Բռնությունն այս պահին միակ իրողությունն է, և կատարողը ոստիկանապետի գլխավորած կառույցն է, ովքեր միշտ և պարբերաբար սեփական քաղաքացիներին հոշոտելու պահանջ են զգում:
Այսինքն, ինչի՞ն տեղյակ չի եղել ոստիկանապետը: Ծեծուջարդի՞ն: Ինչքա՞ն կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել: Ոստիկանապետն ինքը դեռ չի ասել, թե իրեն սխալ են զեկուցել, ինչո՞ւ եք նրան օգնում կողմնորոշվել ասելիքի մեջ: Եթե ոստիկանապետին շարունակ “սխալ են զեկուցում”, և ինքն էլ դա հանրությանն է ուզում “վնուշիտ” անել, ապա թող վերադառնա իր ծննդավայր և ասենք, այգեգործությամբ զբաղվի և ոչ թե հանրությանը պարբերաբար ապակողմնորոշի:
Ինչո՞ւ եք արդարացնում ոստիկանապետին, հատկապես որ նա դրա կարիքը չի զգում և իր գործն է անում:
Ժաննա Ալեքսանյան

No comments: