Wednesday, August 31, 2011

Ռուսական ռազմական բլեֆ

«Լրագիր» 31-8-2011- Ռուս բլոգերները ծաղրում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը, որը Յուրի Դոլգորուկի ատոմային սուզանավից նորագույն Բուլավա հրթիռների հաջող արձակման լուսանկար ու տեսանյութ էր տեղադրել իր կայքում:
Ինչպես հաղորդում է newsru.com կայքը, իրականում լուսանկարում պատկերված էր ամերիկյան Թրիդենթ-2 հրթիռը, իսկ լուսանկարն արվել է 1989թ դեկտեմբերի 4-ին և հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում: Այս բացահայտումից հետո Ռուսաստանի ՊՆ-ն անմիջապես կայքից հանել է այդ լուսանկարը:
Օգոստոսի 27-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ Բուլավա հրթիը հաջողությամբ արձակվել է և հասել իր նպատակակետին` Սպիտակ ծովից մինչև Խաղաղ օվկիանոս:
Այդ դեպքից հետո լրատվանմիջոցները կասկած են հայտնում, որ հրթիռի արձակումը հաջող է անցել: Նշվում է, որ մինչև հրթիռի արձակումը սուզանավի հարցով ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել: Այն պետք է ծով դուրս գար օգոստոսի 20-ին, սակայն այդ օրը հրթիռն այդպես էլ չէր արձակվել: Մի քանի օր շարունակ ՊՆ-ն այս կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն չի տվել: Սակայն Մոսկովսկի կոմսոմոլեց թերթին հայտնի է դարձել, որ արձակումը հետաձգվել է սուզանավի խնդիրների պատճառով: Դրանից հետո արձակումը ևս 2 անգամ հետաձգվել է, սակայն մասնագենտերն այդպես էլ չեն կարողացել վերացնել թերությունները:
Ինչ վերաբերում է Բուլավային, ռուս փորձագետները նշում են, որ ռուսական հրթիռները ամերիկյանի համեմատությամբ զգալի հետ են մնում: Մասնավորապես, հայտարարությունները, որ Բուլավան նորագույն հաջողություն է բալիստիկ հրթիռների ստեղծման ոլորտում, Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Եվսեևի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես Բուլավան համարվում է ամերիկյան Թրիդենթ-1-ի նմանակը, որն ամերիկացիներն արդեն հանել են սպառազինությունից: Նրանք, ինչպես նաև բրիտանացիներն արդեն անցել են Թրիդենթ-2-ին: Փորձագետի խոսքով, փաստորեն, ստացվում է, որ Ռուսաստանը ստեղծում է նորագույն հրթիռային համակարգ, որն ԱՄՆ-ում արդեն դուրս է եկել շրջանառությունից:

No comments: