Wednesday, August 31, 2011

Հայ համայնքը թուրքական իշխանություններից պահանջում է վերադարձնել Դինքի մանկատունը

Panorama.am. 31-8-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ազգային փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքը հետ վերադարձնելու մասին որոշումը ստորագրելուց հետո Հրանտ Դինքի եղբայրը` Օրհան Դինքը և Գեդիկփաշայի հայկական համայնքի ֆոնդը նախաձեռնել են հետ պահանջել Թուզլայի այն մանկատունը, որտեղ մեծացել է Հրանտ Դինքը: Վերջիններս պահանջում են եկեղեցին վերադարձնել իսկական տիրոջը` Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցուն:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
«Երբ եկեղեցուն պատկանող մանկատունը հանձնվել է ուրիշին, ֆոնդին վճարում չի արվել: Պետությունն է այդ ժամանակ շորթել այդ փողերը: Ուստի այս նոր օրենքի համաձայն մանկատունը պետք է վերադարձվի իսկական տերերին: Մենք անհապաղ դիմում կներկայացնենք».- ասում է Օրհան Դինքը:

Իր հերթին Թուրքիայի Ֆոնդերի գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը նշել է, որ մանկատան հետ կապված ցանկացած դիմում անպայման կքննարկվի և ավելացրել. «չնայած ամենայն հավանակությամբ, մանկատունը կմնա նրան ում անունով, որ հիմա գրանված է»:
Աղբյուրը նշում է, որ Հրանտ Դինքի երազանքն է եղել հայկական համայնքին վերադարձնել մանկատունը, որտեղ անցել է իր մանկությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշում է ընդունել, համաձայն որի, Թուրքիան պարտավորվում է վերադարձնել 1936 թվականից հետո բռնագրավված հրեական սինագոգերի և քրիստոնեական՝ այդ թվում հունական ու հայկական եկեղեցիների ունեցվածքը:

No comments: