Tuesday, August 2, 2011

ԱՄՆ Սենատը չի ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Զերկալո»

Tert.am. 2-8-2011- Այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատն օրեր առաջ ընդունեց Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ թիվ 175 բանաձևը, Միացյալ Նահանգներում գործող Ամերիկայի ադրբեջանցիների ցանց կազմակերպությունը (USAN) խնդրանքով դիմել է Սենատին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնպես ճանաչելու համար։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը։
USAN–ը խնդրանքով դիմել է ադրբեջանական սփյուռքին՝ նամակներ ուղարկել ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց և պահանջել ընդունել նման բանաձև նաև Ադրբեջանի վերաբերյալ։
ԱՄՆ–ի օրենսդիրներին ուղղված ադրբեջանցիների կոչում նշվում է, թե «Սենատը պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման փաստն ու կոչ անի կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»։

Ընդգծելով, որ ամերիկաբնակ ադրբեջանցիների կոչը հազիվ թե լսեն և ընդունեն ամերիկացի օրենսդիրները, «Զերկալո»–ն գրում է. «Ամենևին էլ մեծ չեն հույսերը, որ ադրբեջանական սփյուռքի՝ ԱՄՆ Սենատին ուղղված կոչերը կունենան դրական արդյուքներ. արևմտյան քաղաքական գործիչները, չգիտես ինչու, ոչ միանշնակ են գնահատում հետխորհրդային տարածքում էթնո–տարածքային հակամարտությունների հետևանքները։ Եթե 90-ականների սկզբից Եվրոպայի և ԱՄՆ–ի քաղաքական գործիչների մոտ բացարձակապես որևէ կասկած չի հարուցում Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության հարցը, ապա Լեռնային Ղարաբաղի հարցում նրանք, չգիտես ինչու, հանդես են գալիս երկակի մեկնաբանությամբ»։

Ադրբեջանական պարբերականը նշում է, որ Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների դեպքում միջազգային հանրությունը հիմնվում է միջազգային իրավունքի ընդամենը մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

«Իսկ երբ խոսքը գնում է Ադրբեջանի մասին, արևմտյան աշխարհն անմիջապես հիշեցնում է ևս մեկ սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Այդ դեպքում բոլորովին անհասկանալի է, թե ինչո՞ւ են մերժում աբխազներին, օսեթներին և Մերձդնեստրի բնակիչներին, սակայն ճանաչում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը։ Իսկ հայերը՝ որպես ազգ, վաղուց ինքնորոշվել են Հայաստանի Հանարապետության տարածքում, որի հողերի նկատմամբ հարևաններից ոչ ոք հավակնություններ չունի, չնայած դրա համար կան պատմական հիմքեր»,– գրում է «Զերկալոն»։

No comments: