Tuesday, August 2, 2011

Հայաստանի կործանման պատճառը

Ժիրայր Լիպարիտյանի հոդվածի առիթով
«Լրագիր» 2-8-2011- Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական պաշտոնավարման ժամանակահատվածում նրա արտաքին քաղաքական հարցերի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հեռավոր Միացյալ Նահանգներից հանդես է եկել Հայաստանի համար վճռական պահի մասին հոդվածով, որտեղ արտահայտում է իր մտահոգությունը արտագաղթի հետեւանքով դատարկվող Հայաստանի մասին:
Ժիրայր Լիպարիտյանը խուսափում է արտագաղթի կանխման բանալիների մասին ուղղակիորեն խոսելուց, բայց բավական թափանցիկ կերպով ակնարկում, որ Հայաստանը հայաթափումից զերծ պահելու համար պետք է կարգավորել հարաբերությունները հարեւաների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Իսկ դրա համար էլ նա ակնարկում է, որ Հայաստանին պետք է օրինական ճանապարհով ընտրված լեգիտիմ իշխանություն, որը կարողանա դժվարին որոշումներ կայացնել, որոնք կվայելեն հասարակության աջակցությունը:
Ողջունելի է, որ Ժիրայր Լիպարիտյանը, լինելով հեռավոր Միացյալ Նահանգներում, Հայաստանի իշխանության մեջ իր պաշտոնը թողնելուց հետո էլ չի դադարում մտածել Հայաստանի մասին եւ նույնիսկ հանդես է գալիս մանրամասն եւ ծավալուն հրապարակախոսա-վերլուծական հոդվածով: Իհարկե, հոդվածում ամրագրվող եզրահանգումներն ամենեւին նոր չեն եւ վերջին տարիների ընթացքում էլ բավականաչափ հնչել են հենց Հայաստանում, տեղի քաղաքական տարբեր շրջանակներից: Խոսքը թե այն մասին է, որ օրինակ Ղարաբաղի հարցը կարող է լուծել միայն լեգիտիմ իշխանությունը, որի որոշումները հասարակության մոտ ընդունելի կլինեն, թե այն մասին, որ Հայաստանը չի զարգանա, քանի դեռ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորված չեն, այլ կշարունակվի հայաթափումը:
Այդ երկու հանգամանքները թերեւս ունեն անդրադարձի անհրաժեշտություն: Նախ այն մասին, թե լեգիտիմ իշխանությունը կարող է Ղարաբաղի հարց լուծել, որովհետեւ այդ իշխանությունը կարող է կայացնել դժվարին որոշումներ, որոնք կարժանանան հասարակության հավանությանը: Այդպիսով, այդ միտքը շրջանառության մեջ դնողները փաստացի հասարակությանը դիտարկում են ոչ թե մտածող օրգանիզմ, այլ ընդամենը կռապաշտների մի հանրույթ, որոնք ասենք կարող են իրենց չկուռքի որոշումը մերժել, իսկ կուռքի որոշումը`ընդունել:
Օրինակ, եթե ասենք Սերժ Սարգսյանն է հասարակությանն ասում, որ պետք է տարածքային փոխզիջումով կարգավորել Ղարաբաղի խնդիրը, հասարակությունը մերժում է, իսկ եթե ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում նույն բանը`հասարակությունն ընդունում է: Դա է տրամաբանությունն այն խոսքի, թե Ղարաբաղի հարց կարող է լուծել միայն լեգիտիմ իշխանությունը, որը կարող է ժողովրդի մոտ հավանության արժանացնել դժվարին որոշումները:
Իրականում, լեգիտիմ իշխանությունը, ով կփորձի Ղարաբաղի հարցը կարգավորել այն տարբերակով, ինչով որ փորձում է ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունը, հենց դրանով կդառնա ոչ լեգիտիմ: Ոչ թե լեգիտիմությունն է որոշում հասարակության վերաբերմունքը իշխանության որոշումների հանդեպ, այլ իշխանության որոշումների հանդեպ հանրության վերաբերմունքով է որոշվում իշխանության լեգիտիմությունը:
Համենայն դեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պետք է արմատավորել այդ գիտակցումը, որ կռապաշտ հանրույթի փոխարեն ստացվի քաղաքացիական հասարակությունը, երբ հասարակությունն իրեն առաջարկվող լուծումների միջոցով է լեգիտիմացնում այս կամ այն իշխանությանը, ոչ թե իր համակրանքի եւ հակակրանքի միջոցով սահմանում այս կամ այն որոշման լեգիտիմությունը:
Հաջորդը, առանց հարեւանների`մասնավորապես առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերության կարգավորման Հայաստանի զարգացման անհնարինության մասին մոտեցումն է: Քննարկման առարկա չէ այն, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բնականոն տնտեսա-քաղաքական եւ սոցիալ-մշակութային հարաբերության եւ բաց սահմանի պարագայում կարող է ավելի արագ եւ լավ զարգանալ, քան առանց դրա:
Բայց, ինչ եք կարծում, միթե Թուրքիան եւ Ադրբեջանը կգնան Հայաստանի հետ հարաբերության կարգավորման, տեսնելով, թե ինչպես է Հայաստանում գերիշխում այն մտածողությունը, որ առանց իրենց հետ հաշտվելու հայերը եւ Հայաստանը կյանք չունեն: Այդ դեպքում ինչու պետք է Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնեն հաշտվել եւ բացել Հայաստանի սահմանները, փոխզիջման գնալ Հայաստանի հետ, եթե հակառակի դեպքում Հայաստանը դատապարտում են մահվան: Հետեւաբար, հենց միայն այդ մտքի հասարակական-քաղաքական գերիշխումն իսկ, թե մենք շանս չունենք առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը դատապարտում է անելանելիության:
Այո, բաց սահմաններն ու հարեւանների հետ զրո խնդիրները հիանալի վիճակ են: Եվ իսկապես, պետք է աշխատել այդ վիճակին հասնելու համար: Բայց ինչպե՞ս: Ի՞նչ գնով է պետք հասնել, ի՞նչ գնով է կարելի հասնել այդ վիճակին: Ինչքա՞ն է պետք զիջել այդ վիճակին հասնելու համար: Չէ որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզանից պահանջում են զիջում: Եվ թերեւս միշտ էլ ավելին են պահանջելու, ավելի ու ավելի շատ են պահանջելու, տեսնելով, թե ինչպես է Հայաստանի քաղաքական դասը իր հասարակությանը համոզում, թե առանց զիջելու եւ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտվելու Հայաստանը կործանվելու է, Հայաստանում զարգացում եւ ժողովրդավարություն չի լինելու:
Իրականում Հայաստանը կործանվում է 1995 թվականից սկսած բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունների աղաղակող կեղծիքների հետեւանքով, Հայաստանը կործանվում է այդ եւ այլ միջոցներով քաղաքական համակարգի, քաղաքական մրցակցության ոչնչացման հետեւանքով: Հայաստանը կործանվում է պետական կառավարման համակարգի հետեւողական դեգրադացիայի հետեւանքով, երբ այդ համակարգում խրախուսվում եւ առաջնային պլան էին մղվում մարդիկ, ովքեր իշխանությունն ուժով պահելու մարտավարության կողմնակից էին, եւ իշխանությունը նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էին ուժով պահում, հետո որոշեցին նույնն անել արդեն իրենց համար: Հայաստանը կործանվում է եվրաարժեքների փոխարեն վայրի արժեքների ներդրման եւ հետեւողական կիրառման հետեւանքով: Հայաստանը կործանվում է հասարակությանն իր ստեղծագործական պոտենցիալի իրացումից զրկելու, եւ միայն անասնական բնազդները խրախուսելու իշխանական քաղաքականության հետեւանքով: Հայաստանը կործանվում է այն պատճառով, որ կործանված քաղաքական դասը կամ այսպես կոչված քաղաքական դասը փորձում է հանրության մոտ սերմանել ոչ թե ինքնավստահություն, հավատ սեփական ուժի, մտքի, կարողության նկատմամբ, այլ հավատացնել հանրությանը, որ իր բախտը եւ ճակատագիրը մի բանից են կախված`ամեն ինչ անել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտվելու համար:
Նույն մտայնությունն էր պատճառը, որ հանգեցրեց հայերի ցեղասպանության իրենց իսկ հայրենիքում, որովհետեւ այսպես ասած քաղաքական դասը, վերնախավային դասը տարիներ շարունակ զբաղված էր Օսմանյան Թուրքիայի իշխանության, կամ ռուսների, կամ այլոց հետո ինչ որ փոխզիջումային հաշտություններ որոնելով, մինչեւ որ դա վերջնականապես սպառեց հայության դիմադրության պոտենցիալը եւ իրականություն դարձրեց ցեղասպանությունը:

Որեւէ բանական մարդ չի կարող խոսել հարեւանների հետ հաշտության դեմ, որեւէ բանական մարդ չի կարող խոսել տարածաշրջանային ինտեգրացիայի դեմ: Այդ ամենն անհրաժեշտ ու կարեւոր են: Բայց պետք է տալ հաշտության եւ ինտեգրացիայի բանական ձեւակերպումը: Իսկ դրա համար պետք է նախ ձեւակերպել պետական շահը, հասկանալ ռեսուրսների չափը, որակը, դրանք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ: Հայաստանը արտագաղթը եւ տնտեսական անկումը կանխելու եւ առաջընթացի լայն թափ հավաքելու համար նախ պետք է արդյունավետ օգտագործի ներկայիս այսպես ասած մասնակի շրջափակման պայմանների իր ռեսուրսը, կառուցի արդիական, եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն, հասարակություն, հասարակարգ, հաստատի սահմանադրական կարգ: Ներկայում կան բավականաչափ չօգտագործվաած ռեսուրսներ, մսխվող ռեսուրսներ, որոնք նպատակային եւ արդյունավետ օգտագործելու պարագայում Հայաստանը կարող է զգալիորեն բարելավել իր սոցիալ-տնտեսական վիճակը, մեծացնել քաղաքական պոտենցիալը: Դրանից հետո նոր միայն մենք կարող ենք տեսնել, թե ինչի ենք ընդունակ տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններում, թե որն է մեր իրական նշաձողը:

Իսկ եթե մենք անընդունակ ենք այդ ամենն անելու, այդ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, ապա անարդյունավետ են օգտագործվելու նաեւ այն ռեսուրսները, որոնք կառաջանան բաց սահմաններից: Եթե քչից շատ են գողանում, ապա շատից ինքնաբերաբար ավելի շատ են գողանալու, եթե մյուսներին նույնիսկ մի քիչ ավելի շատ մնա, քան քչի դեպքում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: