Tert.am. 19-8-2011- Անցած հանգստյան օրերին ֆրանսիական հայտնի «Ֆիգարո» պարբերականը հոդված է հրապարակել Արարատ լեռան մասին։ Ինչպես տեղեկանում ենք Akunq.net կայքից, հոդվածում Արարատ լեռը ներկայացված է որպես պատմական Հայաստանի մի մաս, բիբլիական լեռ։ «Յոթերորդ ամսվա 17–րդ օրը Նոյյան տապանը կանգ է առնում Արարատ լեռան վրա։ Պատմական Հայաստանում, ներկայիս Թուրքիայում գտնվող Արարատ լեռը 5137 մետր բարձրություն ունի։ Այն շարունակում է կախարդել մարդկանց, մարդիկ այստեղ են որոնում Նոյյան տապանի մնացորդները»,–գրում է ֆրանսիացի լրագրող Ժան Լուի Թրոմբլեն։«Հայերն այն Մասիս են անվանում, թուրքերը՝ ցավերի սար, իսկ պարսիկները Նոյի լեռ»,–նշում է Ժանը և պատմում լեռան աշխարհագրական դիրքի մասին, Նոյյան տապանի վերաբերյալ հատվածներ մեջբերում Աստվածաշնչից։
Հոդվածում խոսվում է նաև Ուրարտական թագավորության, հայկական Վանա լճի, Աղթամարի Սրբ. Խաչ եկեղեցու մասին, հոդվածագիրն անդրադառնում է նաև եկեղեցու վերանորոգմանը (թուրքական իշխանությունների կողմից այն վերանորոգվել է 2007թ.- խմբ.)։
Պարբերականը նշում է, որ Արարատ լեռը մագլցելը շատերի համար բաղձալի երազանք է, անդրադառնում է նաև Նոյյան տապանի մնացորդները գտնելու փորձեր կատարած համարձակների մասին։
Ընդհանուր առմամբ, թերթը լեռան նշանակությունն ու պատմական իրադարձությունները ներկայացնում է՝ սարին «ազգություն» չհաղորդելով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment