Thursday, August 4, 2011

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային` ծննդյան օրվա կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն եւ ամենայն հաջողություններ:
Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջեւ փոխշահավետ գործընկերության եւ բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբեւէ ամուր են:
Մեր ժողովուրդների միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները եւ պետությունների միջեւ հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման եւ ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու եւ ավելի ամրապնդելու մեր երկրների միջեւ համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ եւ կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»:

No comments: