Thursday, August 4, 2011

Ռուս փորձագետ. Աշխարհը վարժվում է նրան, որ Ղարաբաղը եւ նրան հարակից շրջանները վերահսկում է Հայաստանը

News.am. 4-8-2011- ԼՂ հարցի կարգավորման համար Ադրբեջանի միակ որոշումը Ղարաբաղի անկախության ճանաչումն է, որի դիմաց նա հետ կստանա ԼՂ-ին հարակից 7 շրջանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, կարելի է արձանագրել, որ ներկա փուլում, ինչպես նաեւ նախկինում, բանակցությունները գտնվում են փակուղում:
«Ներկայիս պայմաններում լավագույն լուծումը ստատուս քվոյի պահպանումն է: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է զսպել Ադրբեջանի միլիտարիստական գործողությունները, որը ինչ-ինչ պատճառներից ելնելով հաշվարկել է, որ հենց հիմա կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ հասնել իր ուզածին: Մենք ճանաչում ենք հայ ժողովրդին, որը գոյություն ունի ավելի քան 2 հազարամյակ եւ իր գոյության ընթացքում բազմաթիվ անգամ կամային բարձր հատկանիշներ է ցույց տվել: Ադրբեջանական կողմը միամտություն է ցուցաբերում, որ մտածում է, թե նման կերպ կարող է հասնել իր ուզածին»,- ընդգծել է Ալեքսանդրովը:
Փորձագետի ներկայացմամբ, այսօր Ադրբեջանը ժամանակ եւ հնարավորություն է կորցնում: «Եթե հիմա Ադրբեջանը համաձայներ «խաղաղություն հողերի դիմաց» սկզբունքին, նա հզոր միջազգային աջակցություն կստանար, այդ թվում նաեւ Ռուսաստանից ու ՆԱՏՕ-ից:
Հայաստանին դժվար կլինի ընդդիմանալ խնդրի կարգավորման այդ տարբերակին: Հայաստանը ստիպված կլինի համաձայներ դրան, թեեւ Հայաստանում եւ Ղարաբաղում կան բավականին ազդեցիկ մարդիկ, որոնք կարծում են, որ ոչինչ չպետք է վերադարձնել:
Սակայն Ադրբեջանը չի գնում այդպիսի լուծման, իսկ ժամանակը հոսում է եւ աշխարհում ավելի ու ավելի են վարժվում այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները գտնվում են Հաստանի վերահսկողության ներքո: Միջազգային կառույցները, հզոր գերտերությունները տեսնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, թե դող այսպես էլ մնա: Չէ որ միշտ էլ ավելի վտանգավոր է ինչ-որ բան փոխել, քան` չփոխել»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետը, նշելով, որ Ադրբեջանի համար լավագույն տարբերակը քաղաքական կամք դրսեւորելն ու ԼՂ անկախությունը ճանաչելն է:

No comments: